Ո՞ր բանկերն են փակվել ԱՄՆ-ում և ինչո՞ւ

Ո՞ր բանկերն են փակվել ԱՄՆ-ում և ինչո՞ւ

Հետևելով «Silicon Valley Bank»-ին (SVB)՝ Միացյալ Նահանգներում փակվել է նմանատիպ պորտֆելի բաժնետոմսեր ունեցող «Signature Bank»-ը։ «Նյու Յորքի նահանգի ֆինանսական կարգավորիչը նման որոշում է կայացրել համակարգային ռիսկերի պատճառով»,- ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության, դաշնային պահուստային ֆոնդի և ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի համատեղ հայտարարության մեջ: «Բանկերի բոլոր ավանդատուները լիարժեք հասանելիություն կունենան իրենց ավանդներին, և հարկ վճարողը ոչ մի վնաս չի կրի այդ գործընթացներից»,- նշվում է հայտարարության մեջ։ Գերատեսչություններն ընդգծում են, որ ԱՄՆ բանկային համակարգը կայուն է մնում հիմնականում 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո իրականացված բարեփոխումների շնորհիվ: «Այս բարեփոխումները, այսօրվա գործողությունների հետ համատեղ, ցույց են տալիս մեր հավատարմությունը ավանդատուների խնայողությունների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուն»,- նշվում է հրապարակման մեջ: Ըստ Նյու Յորքի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի՝ առևտրային «Signature Bank»-ը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել է մոտ 110,36 միլիարդ դոլար ընդհանուր ակտիվներ և 88,59 միլիարդ դոլար ընդհանուր ավանդներ: Բանկի անսպասելի փակումը կապված է Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցների մասշտաբային կրճատումների և ծախսերի վերակառուցման հետ։