Մարտի 19-ի երեկոյան մեր երկրին մոտենում է հաջորդ ցիկլոնը. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկայում

Մարտի 19-ի երեկոյան մեր երկրին մոտենում է հաջորդ ցիկլոնը. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկայում

Ներկա պահին մեր երկիրը գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, գրեթե բոլոր մարզերում առկա են տեղումներ հիմնականում անձրևի, շատ բարձրլեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձյունախառն անձրևի տեսքով: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Վաղը ցիկլոնի ուժը թուլանում է և պահպանվում է միայն Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում, մյուս հատվածներում հիմնականում տեղումների դադարեցում կլինի, բացառությամբ առանձին կետերի, որտեղ հնարավոր է օրվա ընթացքում կարճատև անձրև լինի: Իսկ մարտի 19-ի կեսօրից հետո դեպի երեկո մեր երկրին մոտենում է հաջորդ ցիկլոնը Միջերկրական ծովից և արդեն 19-ի երեկոյան ժամերին, 20-ին, 21-ին, 22-ին մենք գտնվելու ենք այդ ցիկլոնի ազդեցության գոտում, և տեղումները նորից հանրապետության տարածքում կվերսկսվեն»,- ասաց նա: Ինչ վերաբերում է օդի ջերմայն ֆոնին, ապա Գագիկ Սուրենյանն ասաց, որ օդի ջերմաստիճանը նախորդ տասը օրերին անոմալ բարձր է եղել մեր հանրապետության տարածքում: «Մոտ 7-ից 10 աստիճանով կլիմայական նորմայից բարձր է եղել, ներկա պահին ունենք օդի ջերմաստիճանի անկում և առաջիկա օրերին ջերմաստիճանն առանձնապես չի փոխվելու, ունենք առանձին օրերին մի փոքր բարձրացում, մի փոքր նվազում»,- ասաց նա: Գագիկ Սուրենյանը նշեց, որ գյուղատնտեսական առումով որևէ վտանգավոր բան չկա դեռ, ամեն ինչ նորմայի սահմաններում է: «Ծիրանենու ծաղկում է գնում Արարատյան դաշտում, հատկապես մինչև ամսի 23-ը արդեն կունենանք համատարած ծաղկում Արարատյան դաշտում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է մարտ ամսվա ընդհանուր տեղումներին, ապա նա նշեց, որ ներկա պահին տեղումները դեռևս հանրապետությունում ընդամենը նորմայի 20-ից 60 տոկոսն են կազմում, առաջիկա օրերին ևս կանխատեսվում է, որ տեղումները կլինեն նորմայի սահմաններում: Ապրիլի վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան: