Հայաստանի ողնաշարային խնդիրը. ֆիզիկապես մաշվող և բարոյապես մաշող իրավիճակ

Հայաստանի ողնաշարային խնդիրը. ֆիզիկապես մաշվող և բարոյապես մաշող իրավիճակ

Հայաստանում կա մոտ 100 միլիոն քմ բնակֆոնդ, որը մաշվում է բավականին արագ և կա աշխույժ ու արագ ծրագրերի կարիք, բնակֆոնդը թարմացնելու համար: Այդ միտքը կառուցապատողների հայկական ասոցիացիայի հավաքին արտահայտել է էկոնոմիկայի նախարար Քերոբյանը, նշելով, որ քննարկում են ծրագրեր, որոնք կխթանեն բնակարանաշինության տեմպը: Հայաստանի հասարակական օրակարգում գերակշռում են քաղաքական նշանակության թեմաները, որոնք երբեմն ընդմիջվում կամ պարզապես ուղեկցվում են զանազան աղմկոտ «թիթեռ» թեմաներով: Մինչդեռ, Հայաստանի համար ամենաքաղաքական և ռազմավարական թեմաներից մեկը բնակֆոնդի խնդիրն է, որը նաև ուղիղ ասոցացվում է մեկ այլ ռազմավարական, այս դեպքում թերևս ողնաշարային խնդրի՝ դեմոգրաֆիային: Հայաստանում բնակֆոնդի գերակշռող, ճնշող մեծամասնությունը ունի տասնամյակների պատմություն, կառուցված է ԽՍՀՄ տարիներին, հիմնականում 1970-80-ականներին, ներկայումս գտնվում է մաշվածության բարձր աստիճանում, գործնականում թե իր նախնական որակով, թե նաև մաշվածությամբ հանդերձ՝ բնակչության համար ներկայացնում է ընդհուպ ֆիզիկական սպառնալիք, ու նաև դարձել է հոգեբանորեն ճնշող հանգամանք: Ճնշող է նաև այն, որ այդ բնակֆոնդում մարդիկ ապրում են շատ դեպքերում պարզապես «կուտակված»: Հանրային տրանսպորտում կուտակված երթևեկելը Հայաստանում մշտապես եղել է օրկարգային հարց, այսպես ասած «հուսահատության գազելի» նշանաբանով, իսկ ահա կուտակված ապրելը՝ ոչ: Մինչդեռ, այստեղ առաջանում են թե դեմոգրաֆիական խնդիրներ, մարդիկ ունեն սեփական երկրում արժանապատիվ բնակտարածքի տարրական խնդիր, հետևաբար առանց այդ խնդրի տեսանելի լուծման, չեն կարող տեսանելի ապագա դիտարկել իրենց երկրում, և բացի այդ, անարժանապատիվ կենսակերպը թողնում է ճնշող ազդեցություն հոգեվիճակի և տրամադրության վրա, ինչը ազդում է ընդհանուր ստեղծարար միջավայրի հարցում: Այդ ամենով հանդերձ, Հայաստանում անշարժ գույքի գինն աճում է անտրամաբանական պրոգրեսիայով, հասնելով գրեթե եվրոպական գների: Դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2000-ականների սկզբին այդ ոլորտի աճը բնորոշել էր սպեկուլյատիվ, ինչի գլխավոր պատճառը թերևս այն էր, որ այդ ծավալի բնակարանաշինության պահանջարկը չի գալիս հասարակական գնողունակությունից: Պատկերը նույնն է նաև այսօր: Պահանջարկը ձևավորվում է հիմնականում սփյուռքյան շրջանակներից, ինչպես նաև Հայաստանում բարձր եկամուտ ունեցող խավից, որը հատկապես օգտվելով եկամտահարկի վերադարձի մասին հայտնի օրենքի մեխանիզմից, ձեռք է բերում բնակտարածք՝ չունենալով դրա կարիքը, ակնկալելով պարզապես տալ այդ տարածքը վարձակալության և ստանալ լրացուցիչ եկամուտ: Գները աճում են, իսկ բնակարանի իրական և հաճախ կենսական կարիք ունեցողի համար նոր բնակֆոնդը դառնում ավելի անհասանելի: Ձևավորվում է իսկապես սպեկուլյատիվ վիճակ, որը պետության համար ունի վիճակագրական շահեկանություն՝ արձանագրվում է կապիտալ շինարարության աճ, որոշակի մուլտիպլիկատիվ էֆեկտ և այլն,բայց նույն պետության համար ռազմավարական երկու՝ փոխկապակցված խնդիրների բացը շարունակում է մեծանալ: Իսկ այդ երկու խնդիրներն են բնակֆոնդն ու ժողովրդավարությունը: Փոխարենը, պետական պաշտոնները օգնել են կառավարության, կառավարող մեծամասնության մի շարք անդամների լուծել սեփական բնակարանային հարցերը, ընդ որում լուծել կարծես թե լիուլի: Դրանց վերաբերյալ կան նաև կոռուպցիոն կասկածներ, սակայն անկախ դրանից, այստեղ կասկած է հարուցում առաջին հերթին արժեհամակարգային, բարոյական բաղադրիչը, երբ մաշված բնակֆոնդի ճնշման տակ գտնվող հանրությանը չեն առաջարկվում լուծումներ, իրապես կարիք ունեցողների համար համեմատաբար հասանելի, մատչելի, փոխարենը այդ հարկատուների միջոցներով վարձատրվող պաշտոնների շնորհիվ լուծվում են պաշտոնյաների բնակարանային խնդիրները: Այժմ նախարարը խոսում է նոր ծրագրերի մասին, որոնք քննարկում են և պատրաստվում առաջարկել հանրությանը: Պետք է հուսալ, որ դրանք իսկապես կլինեն առաջարկ հանրությանը, այլ ոչ թե այդ փաթեթավորումով ձևավորվող նոր հնարավորություն կառավարող մեծամասնության ներկայացուցիչների համար: Լուսանկարը՝ panorama.am-ի