Ընտանեկան բռնություն․ քողարկվող խնդիր Հայաստանում

Ընտանեկան բռնություն․ քողարկվող խնդիր Հայաստանում

Տղամարդու կողմից կնոջ նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնությունը շարունակում է մնալ խնդրահարույց։ Գենդերային կարծրատիպերը ընտանեկան բռնության պատճառ են դառնում։ Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով  տարեկան մահվան նվազագույնը 10-15 դեպք է գրանցվում , որոնց մեծամասնությունը կանայք են։ Հանրապետությունում կատարված սպանությունների ⅓-ը ընտանեկան բռնության դեպքերն են։ Ընտանեկան բռնության, կանանց հանդեպ խտրականության մասին խոսել ենք հոգեբան Ծաղիկ Միաքյելյանի հետ։ Նրա խոսքով՝ հատկապես Հայաստանում ունենք մշակութային կոնտեքստ, որը սահմանափակում է կնոջ ինքնիշխանությունն ու ազատությունը. կնոջ համար ստեղծվում են վարքի շաբլոններ, կարծրատիպեր, պատկերացումներ։ «Շատ անգամ ոչ առողջ վարքագիծը մեկնաբանվում և ներկայացվում  է որպես հոգատարության դրսևորում, սակայն դրա տակ թաքնված է բռնարար վարքագիծ։ Հայաստանում հայրիշխանական համակարգը արական սեռի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ընտանիքում լինել գլխավորը ու երկրորդական դերում գտվող մարդուն պահել վերահսկողության տակ»,- նշեց հոգեբանը։ Խեղաթյուրված պատկերացումների և ֆիզիկական բռնությունն արդարացնելու պատճառներից է նաև լեզվամտածողությունը։ «Կինը բուրդ է, ինչքան ծեծես, այնքան կփափկի», «Մարդը զանգակ, կինը՝ բամբակ», «Եթե կնոջը չծեծեն, կիմանա, թե այրի է». նմանատիպ արտահայտությունները, և փոքր տարիքից բռնության դեպքերի և կանանց նկատմամբ խտրականության արդարացված դրսևորումների արդյունքում է, որ շատ հաճախ նույնիսկ կանայք են արդարացնում տղամարդկանց նման վարքագիծը։ Շուրջ 10 տարի բռնարարի հետ ապրած Լ. Սահակյանը պատմում է, որ նույնիսկ իր ծնողներն էին դեմ իր բաժանմանը, պատճառաբանելով, որ ամոթ է «ամուսնացած բաժանվածի» պիտակով ապրելը։ «Շատ դժվար օրեր եմ ունեցել, մտածում էի, թե խելագարվում եմ։ Նույնիսկ երեխաների ներկայությամ է բռնություն կիրառել։Բռնության հետքերը, կապտուկները հագուստով միշտ թաքցնում էի, որ դրսում, աշխատանքի վայրում չնկատեն»,- պատմում է նա։ Ամեն օր ծեծի և սպառնալիքների մթնոլորտում ապրող կանայք հիմնականում դժվարությամբ են բաժանման որոշում կայացնում։ Հոգեբանի մեկնաբանմամբ խնդիրը հիմնականում սոցիալական է։ «Հասարակության վերաբերմունքը ամուսնալուծված կանանց հանդեպ մեծամասամբ բացասական է։ Բացի դրանից կա վախ կնոջ ծնողների կողմից չընդունվելու և մերժված լինելու։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական աջակցությանը»,- նշեց հոգեբանը։ Ֆիզիկական բռնությունից բացի կարևոր ու տարածված խնդիր է հոգեբանական բռնությունը, որը հիմնականում հիմք է դառնում հետագայում նաև ֆիզիկական բռնության։ Կնոջ ազատությունը սահմանափակելը, վերահսկելը, անընդհատ ներկայությունը, վիրավորելը, սպառնալը, քննադատելը բացասական ազդեցություն են ունենում հոգեկանի վրա, որը և հոգեբանական բռնությունն է։ «Երբ մարդուն ստիպում են անել այն, ինչն իր ցանկություններին դեմ է և նա դա անում է տհաճությամբ, կարող ենք հստակ արձանագրել, որ տեղի է ունենում հոգեբանական բռնություն։ Վերահսկողությունն ու ազատության սահմանափակումը բռնարարի կողմից վերագրվում է շատ սիրելուն և խանդին, սակայն իրականում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան հոգեբանական բռնություն»,- հավելեց հոգեբանը։