Ինչպե՞ս է մեր ֆերմերը հիմնելու բիզնես, երբ իր հիմնական գործիքը բահն ու ուրագն են

Ինչպե՞ս է մեր ֆերմերը հիմնելու բիզնես, երբ իր հիմնական գործիքը բահն ու ուրագն են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:  Պարոն Պետրոսյան, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ գյուղատնտեսությունը պետք է խոշորանա, փոքր ֆերմերները պետք է գնան այլ ոլորտներում աշխատեն, կարող են անգամ տեղափոխվել Երևան: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, արդյոք փոքր ֆերմերները պատրաստ են այլ ոլորտներո՞ւմ աշխատել: Սա լրացուցիչ խնդիրներ չի ստեղծելո՞ւ: Դուք կարող եք այդ հարցն ուղղել ցանկացած ֆերմերի, և նա դրա պատասխանը շատ հստակ կտա: Որ գյուղատնտեսությունը պետք է խոշորանա, դա լավ ցանկություն է, թե հետևանքներն ինչպիսին կլինեն, դրա պատասխանն է դժվար: Եթե հայտարարվում է, որ եթե գյուղատնտեսությունը ձեռնտու չի, ֆերմերը դրանով չպետք է զբաղվի, որպես տնտեսագետ ճիշտ է ասում, բայց այնքանով, որքանով նա գյուղատնտեսության ոլորտն է ղեկավարում, նա այդպիսի տեսակետ հայտնելու իրավունք չունի, քանի որ Հայաստանի համար այս իրավիճակում, պարենային անվտանգության այս մարտահրավերների պայմաններում, դրան գումարած աշխարհաքաղաքական իրավիճակը, երբ մեր սահմանները երկարել են, մեր գյուղերը արդեն ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղեր են, իր տեսակետի դեպքում գյուղերը պետք է դատարկվեն: Այսինքն՝ գյուղում մարդ չպետք է ապրի, որովհետև եթե մարդն ապրում է գյուղում, նա պետք է գյուղատնտեսությամբ զբաղվի: Եթե մարդը գյուղում չի ապրում, եթե զինվորի թիկունքը դատարկում ենք, այդ զինվորն ի՞նչը պետք է պաշտպանի: Ես դա չեմ կարողանում հասկանալ: -Նախարարը նշել է՝ եթե համեմատենք ԵՄ երկրները ինչպիսի սուբսիդավորում են ստանում մեկ միավոր գյուղատնտեսական արտադրանքի դիմաց, մեզ մոտ անգամներով քիչ է։  -Երբ ուրիշ երկրների օրինակով խոսում են բիզնեսի մասին, թող վերցնեն ԱՄՆ-ի օրինակը, որտեղ բնակչության 2-3 տոկոսն է գյուղատնտեսությամբ զբաղվում: Իսկ մեզ մոտ քանի՞ տոկոսն է ուղղակիորեն զբաղվում գյուղատնտեսությամբ և քանի՞ տոկոսը՝ անուղղակի ներգրավված այդ ոլորտում: Թող համեմատության մեջ դնեն գյուղատնտեսական վարկերի տոկոսները այստեղ և ԱՄՆ-ում: Այնտեղ 1-2 տոկոսով երկարաժամկետ, մատչելի վարկեր են տրամադրում: Եթե այստեղ մեր գյուղացին փորձի վարկ վերցնել, միջինը կլինի 16-20 տոկոս, էլ չեմ ասում, որ առանձին վարկային կազմակերպություններ կան, որ 30 և ավելի տոկոսով վարկ են առաջարկում: Այդ ի՞նչ բիզնես պետք է վարի գյուղացին, որ կարողանա վարկը փակել, կարողանա իր խնդիրները լուծել, նաև որոշակի ներդրում անել իր արտադրության մեջ: Դա ո՞նց է արվելու: Ինչպե՞ս է մեր ֆերմերը հիմնելու բիզնես, երբ իր հիմնական գործիքը բահն ու ուրագն են: Մինչդեռ արևմտյան երկրներում սպիտակ վերնաշապիկով է մեքենավարը նստում տեխնիկայի ղեկին, ոչ փոշի է իր վրա նստում, ոչ թույնի հետ է անմիջականորեն առնչվում: Ամեն ինչ արվում է մեքենայացված, արտադրողականությունը բարձրանում է, ինքնարժեքն իջնում է: Այդպես ասողները թող մեկ հեկտար հողատարածք վերցնել, ես պատրաստ եմ տրամադրել, թող մեզնից շատ խելացի ու գրագետ մարդիկ գան, աշխատեն ու շահույթ ստանան: Գուցե մենք կիսագրագետ ենք, կամ լրիվ անգրագետ ենք, թող գան, ցույց տան: Կամ ինչպե՞ս է հողը խոշորացվելու, ի՞նչ ճանապարհով: Ես 100 անգամ ասել եմ, որ իրենք ծրագիր են իրականացնում, ձախողվելու է, ափսոս են պետական միջոցները: Խնդիրն ուրիշ տեղ է թաղված: Ես լիովին կողմնակից եմ խոշոր տնտեսություններին, արտադրողականությունը բարձրանա, բայց թե դա ինչպես է տեղի ունենալու, պարզ չէ, պարզապես բարի ցանկություն է, որն ուզում են իրականացնել, բայց դա իրատեսական չէ առաջիկա տասը տարիների համար, ուղղակի ուտոպիա է։ -Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև իրենց խաղողի այգիները քանդողներին՝ նշելով, որ եթե էմոցիաները դնենք մի կողմ, մենք հաճախ ենք ականատես լինում բիզնեսներ բացվելու եւ փակվելու պրոցեսին, դրանում ողբերգություն չկա: Գյուղատնտեսության մեջ էլ նույնն է, եթե ունենք այգի, որտեղ վատ ծառեր են տնկած կամ աճում է խաղող, որի պահանջարկը չկա շուկայում, գյուղացիները քանդում են, տեղը լոլիկ են աճեցնում։ Փաստացի կառավարությունը խաղողագործների խնդիրներին լուծում չի առաջարկո՞ւմ։  -Առաջարկի, թե չառաջարկի, եթե նորից նույն գնով խաղող պետք է մթերի, ոչ մի իրեն իրեն հարգող խաղողագործությամբ չի զբաղվի։ Պետք է մասնագետների հետ խորհրդակցել, մասնագետների հետ քննարկել, քայլեր կատարել խնդիրը լուծելու համար, ոչ թե կանգնել ասել՝ գործարանի պատից այն կողմ թող անցնեն, կամ ոչ թե ասեն՝ բիզնես է, ուզում է թող մշակի, ուզում է թող չմշակի։ Էլի եմ կրկնում՝ ճիշտ է ասում որպես տնտեսագետ, բայց սա նշանակում է խոսել մեր իրականությունից կտրված և չպատկերացնելով՝ ո՞ր երկրում ենք ապրում և գյուղատնտեսությունը ի՞նչ մակարդակի վրա է և թե մենք ինչ խնդիր ենք առհասարակ լուծում։