Երևանում կարելի է կառուցել 30-ից էլ բարձր հարկեր ունեցող շենքեր, պետք է սեյսմոմեկուսացման հատուկ տեխնոլոգիաներ կիրառվեն

Երևանում կարելի է կառուցել 30-ից էլ բարձր հարկեր ունեցող շենքեր, պետք է սեյսմոմեկուսացման հատուկ տեխնոլոգիաներ կիրառվեն

Երևանը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում, և եթե 7-7,5 մագնիտուդով երկրաշարժ լինի աղետալի հետրանքներ կլինեն։ Այս մասին խորհրդարանում ասել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ «Սա գիտական փաստ է՝ հաշվի առնելով նաև ԽՍՀՄ ժամանակ կառուցված բազմաբնակարանային շենքերը, թե որքան ժամանակ է անցել ու նաև այն փաստը, որ մեր քաղաքացիները վատ սովորություն ունեն՝ շենքում որոշակի փոփոխություններ անելու, ինչն ազդում է շենքերի սեյսմակայունության վրա»,– ասել է Արմեն Փամբուխչյանը։ Գյումրիի սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խորհրդային տարիներին կառուցված շենքերի վերաբերյալ պետք է լինի անձնագրավորված տվյալների բազա, այսինքն, թե որ շենքն ինչ վիճակում է գտնվում. «Տասնյակ տարիներ այդ շենքերը կանգնած են, այդ ընթացքում բազմաթիվ երկրաշարժներ են եղել, որքանով է եղել դրանց ազդեցությունը: Եթե կատարված լիներ անձնագրավորում, դրա հիման վրա մենք կկարողանայինք ընդհանուր սցենարներ ունենալ, թե որ մագնիտուդի դեպքում ինչ ազդեցություն կլինի: Դրա համար պետք է ամեն մի շենքի մասին ունենանք ինֆորմացիա, թե ինչ վիճակում է գտնվում, իսկ դա պահանջում է համալիր ուսումնասիրություններ և տեղանքի, և շենքի տեխնիկական հետազոտություն»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նոր կառուցվող շենքերին, ապա, ըստ Կարապետյանի, այստեղ երկու կարևոր հիմնախնդրի վրա պետք է ուշադրություն դարձնել. Նախ՝ իրականացվող շինարարության որակին, ապա տվյալ տարածքի ինժեներա-երկրաբանական ու ճարտարագիտաերկրաֆիզիկական ուսումնասիրություններին: «Գործող նորմատիվային փաստաթղթեր կան, որոնց հիման վրա իրականացվում է շինարարությունը, բայց բացի դրանից անհրաժեշտ է, որ տեխհսկողությունը իրականացվի շատ խիստ պայմաններում: Երկրորդ կարևոր հանգամանքը տվյալ տարածքի ինժեներա-երկրաբանական ուսումնասիրությունն է: Այսինքն նախքան շենքը կառուցելը իրականացվում է ուսումնասիրություն, որից հետո նախագծվում է շենքը՝ ելնելով նրանից, թե ինչպիսին է գրունտների կարգը: Եթե այդ բոլոր կարգերին համապատասխան է շենքը կառուցվում, ապա այն դիմակայուն է, իսկ եթե լինում են շեղումներ, հետագայում կարող ենք մեծ վտանգների առաջ կանգնել: Բացի դրանից այստեղ կա նաև նոր կառուցվող շենքերի փորձաքննության հարցը, թե որքանով է շենքը կառուցվել նորմատիվ փաստաթղթերին համապատասխան»,-ասաց նա: Հարցին, թե որքանով է նորմալ, որ Երևանում 30-40 հարկանի շենքեր են նախագծվում ու կառուցվում, արդյոք դրանք վտանգավոր չեն, Ջոն Կարապետյանը պատասխանեց. «Նմանատիպ շենքերի կառուցման հատուկ ստանդարտներ ունեն: Դուք գիտեք, որ այնպիսի սեյսմավտանգ գոտիներում, ինչպիսիք են, օրինակ, Ճապոնիան, Չինաստանը, ևս կառուցվում են բարձրահարկ շենքեր, բայց իրականացնելով հատուկ սեյսմոմեկուսացման միջոցառումներ, հատուկ տեխնոլոգիաներ, որպեսզի երկրաշարժի ժամանակ ազդեցությունը հնարավորինս մեղմացվի: Դրա համար տարբեր տեխնոլոգիաներ կան: Հիմա եթե Երևանում էլ նման բարձրահարկեր կառուցելիս կիրառվում են սեյսմոմեկուսացման հատուկ տեխնոլոգիաներ, ապա կարելի է և կառուցել»: Դիտարկմանը, որ շատ մասնագետներ նշում են, որ մեր տարածքում առավելագույն հարկայնությունը 20-25 հարկն է, նա արձագանքեց. «Ճապոնիայում և Չինաստանում 30 հարկից բարձր շենքեր կան, նույն սեյսմովտանգ երկրներն են, բավականին ուժեղ երկրաշարժներ են լինում և փաստորեն, շենքերը դիմակայում են դրանց, որովհետև կիրառվում են սեյսմոմեկուսացման հատուկ տեխնոլոգիաներ: Դրա համար պահանջ պետք է դրվի, որ բարձրահարկ պահանջները պետք է կառուցվեն ըստ ստանդարտների, նորմատիվ փաստաթղթերի՝ իրականացնելով նաև սեյսմոմեկուսացման համապատասխան գործընթացը»: