Էական բան չի փոխվել, դեպի ՀՀ հոսքերը պակասելու միտում չունեն, նույն տեմպով շարունակվում են

Էական բան չի փոխվել, դեպի ՀՀ հոսքերը պակասելու միտում չունեն, նույն տեմպով շարունակվում են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը:  Պարոն Աղաբեկյան, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ամբողջությամբ հրաժարվել են դոլարով և եվրոյով հաշվարկներից։ Ռուբլին, նախարարի գնահատմամբ, այժմ չափազանց անկայուն է, ուստի հայկական դրամն այժմ ավելի նախընտրելի է թվում, սակայն երկկողմ առևտրում դրա օգտագործման ներուժը սահմանափակ է: Որքանո՞վ է սա ճիշտ քայլ և չկա՞ն արդյոք այստեղ ռիսկեր: Շատ երկրներ, օրինակ՝ նույն Չինաստան է Ռուսաստանի հետ կամ այլ երկրների հետ, այսպես ասած, արժույթների զամբյուղ ստեղծում և դրանով իրականացնում գործարքները: Դրան անցումը մի փոքր մեղմում է այն ռիսկերը, որ փոխարժեքի ազդեցությունը կարող է ունենալ: Ուղղակի այստեղ պետք է հասկանալ, որ եթե դրամով են անելու փոխադարձ գործարքները, ռուսական բորսաներում որոշակի դրամային գնանշումներ կան, դրանց ծավալները պետք է բավարարեն: Այդ դեպքում և իրենց շուկայում, և Հայաստանի շուկայում դրամի և ռուբլու նկատմամբ պահանջարկի որոշակի փոփոխություն է տեղի ունենալու: Մյուս խնդիրը մեզ համար կարող է այն լինել, որ ռուբլու փոխարժեքը մեր կանխատեսածից տարբեր կարող է լինել: Կարծում եմ՝ շուկան կկարգավորի այդ համակարգը, այսինքն՝ երբ պահանջարկը ձևավորվեց, կկարգավորվի: Քերոբյանը նշել է, որ 2022-ին Հայաստանում բացվել է ռուսական մասնակցությամբ մոտ 2500 իրավաբանական անձ և 4 հազար ԱՁ: Անցյալ տարի հաճախորդների միջոցների լրացուցիչ ներհոսքը հայկական բանկային համակարգ նախարարը գնահատում է 3 մլրդ դոլար, ինչն, ըստ նրա, թույլ է տվել ապահովել ՀՆԱ-ի ամբողջ աճի մոտավորապես մեկ քառորդը։ Այսինքն, 12,6% տնտեսական աճի մեջ ռելոկացիան ապահովել է ավելի քան 3 տոկոսային կետ: Արդյոք այս տարի կարո՞ղ ենք ակնկալել նույն ներհոսքը և աճը: Այստեղ անորոշությունը բավականին մեծ է, որը պայմանավորված է թե Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներով, թե պատերազմի ելքով: Այս պարագայում մի փոքր դժվար է կանխատեսումներ անել, թե այս տարի ինչ կլինի: Բայց փաստն այն է, որ միտումները նույն տեմպով շարունակվում է: Թե դոլարի հոսքերը, թե դոլար-դրամ փոփոխությունների միտումները, նաև մեր մակրոտնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ էական բան չի փոխվել, այդ հոսքերը պակասելու միտում չունեն, նույն տեմպով շարունակվում է գործընթացը: Կարծում եք՝ այս ամենը նույն տեմպով կշարունակվի՞: Ամեն ինչ կախված է նրանից, թե քաղաքական գործընթացներն ինչ ելք կունենան: Ես չեմ կարծում, որ որևէ մեկն այս պահին կարող է այ առումով կանխատեսում անել: Ռուսաստանն իր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասով օրենսդրական փոփոխություններ է անում, որը միտված է նրանց վերադարձնելուն: Իրենք կարող են օրենսդրական փոփոխություններ անեն, պայմաններ ստեղծեն, որ այդ կազմակերպություններն ու անհատները չգնան Ռուսաստանից,. Բայց մյուս կողմից էլ այդ կազմակերպությունները աշխատում են նաև դրսի ընկերությունների հետ և իրենք էլ խնդիրներ են ունենում, որովհետև սահմանափակված են իրենց փոխանցումները Ռուսաստանից: Նրանք տարբեր տեսակի սահմանափակումներ ունեն, և չեմ կարծում, որ ինչ-որ ավելի լավ պայմաններ ստեղծելով նրանց համար, իրենք չեն հեռանա ՌԴ-ից կամ կվերադառնան: Անորոշություններն իրականում, շատ մեծ են: Վերջին ամիսներին ռուբլին զգալի անկում է գրանցել: Սա ինչպիսի՞ ազդեցություն կունենա մեր այն քաղաքացիներ համար, որոնք դրսի տրանսֆերտների հաշվին են ապրում: Բնականաբար, ազդեցություն ունենում է, սակայն այստեղ կարևոր է հասկանալ, թե տեղի ունեցող փոփոխությունները մինչև ուր են գնալու, այսինքն այս անկումը ժամանակավո՞ր է, միջազգային ինչ-որ գործընթացների հետևա՞նք է: Որովհետև միջազգային շուկաներում փոխարժեքի վրա ազդող գործոնները տարբեր են: Դրանցից են, օրինակ, ԱՄՆ-ի կողմից տոկոսադրույքների բարձրացման հետ կապված միտումները, սպասումները, ազդում են նաև քաղաքական գործընթացները Ռուսաստանի հետ կապված: Մյուս կողմից էլ, բնականաբար, Ռուսաստանը պետք է իր արտահանման խթանման համար փորձի որոշակի գործընթացներ իրականացնել և կայունացնել իր արժույթի փոխարժեքը: Նաև մեր հանրությունը պետք է հստակ հասկանա, որ դրամի կայուն մակարդակ ապահովելու համար պետք է տնտեսության մեջ նվազի դոլարային իրացման մակարդակը: