Գերմանիային մտահոգում են Իսրայելում դատական բարեփոխումները՝ չնայած երկու երկրներն ընդհանուր արժեքներ ունեն. Օլաֆ Շոլց

Գերմանիային մտահոգում են Իսրայելում դատական բարեփոխումները՝ չնայած երկու երկրներն ընդհանուր արժեքներ ունեն. Օլաֆ Շոլց

Գերմանիային և Իսրայելին միավորում են ընդհանուր արժեքները, այնուամենայնիվ, Բեռլինը մտահոգված է Իսրայելում նախապատրաստվող դատական ​​բարեփոխումներով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո անցկացված համատեղ մամուլի ասուլիսում: Այդ մասին տեղեկանում է DW-ի ռուսական ծառայությունից: «Որպես Իսրայելի ժողովրդավարական արժեքային գործընկերներ և մտերիմ բարեկամներ մենք մեծ ուշադրությամբ և, չեմ թաքցնի, մեծ մտահոգությամբ ենք հետևում ընթացող քննարկումներին», - ասել է Շոլցը։ Իր հերթին Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը կմնա լիբերալ դեմոկրատական երկիր նույնիսկ պլանավորված դատական ​​բարեփոխումներից հետո։ Նրա խոսքով՝ «Ժողովրդավարությունը Իսրայելում ուժեղ է ու կենսունակ, մենք դրանից ոչ մի սանտիմետր չենք ընկրկի»։ Իսրայելի վարչապետը կտրականապես մերժել և անհեթեթ ու անմիտ է անվանել բոլոր այն պնդումները, թե իր գլխավորած կառավարությունն, իբր, մտադիր է ոչնչացնել ժողովրդավարությունը: Մարտի 16-ին Շոլցը և Նեթանյահուն այցելել են Բեռլինի Գրունեվալդ երկաթուղային կայարանի մոտ գտնվող «Gleis 17» հուշահամալիր, որը նվիրված Է ավելի քան 80 տարի առաջ նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանում հրեաներին մահվան ճամբարներ արտաքսելուն։ Քաղաքական գործիչները խոսել են Գերմանիայի և Իսրայելի միջև սերտ կապի և այն պատասխանատվության մասին, որ Գերմանիան շարունակում է կրել 20-րդ դարում եվրոպացի հրեաների հետ տեղի ունեցած աղետի համար։ Մամուլի ասուլիսում կանցլեր Շոլցն ընդգծել է, որ Գերմանիայի մշտական ​​պարտավորությունը հակասեմիտիզմի ցանկացած ձևին հակազդելն Է։ Նրա խոսքով՝ Իսրայելի անվտանգությունը Գերմանիայի համար պետական կարևորության գործ Է։-