Լրջագույն խնդիրներ Թուրքիայում. Ինչո՞ւ է Էրդողանը մեղմել իր հռետորաբանությունը Հայաստանի հետ կապված

Լրջագույն խնդիրներ Թուրքիայում. Ինչո՞ւ է Էրդողանը մեղմել իր հռետորաբանությունը Հայաստանի հետ կապված

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ -Պարոն Իսպիրյան, Անկարայում տեղի է ունեցել Թյուրքալեզու պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը, որի ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիևն ու ԱԳ Բայրամովը կրկին հակահայկական հայտարարություններ արել, խոսել  գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» մասին։Ուշագրավ է,սակայն, որ այս անգամ գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Էրդողանի ու ԱԳ նախարար  Չավուշօղլուի կողմից Հայաստանի հասցեին ուղղված որևէ տեսակի հայտարարություն չի հնչել, անդրադարձ չի եղել նաև Արցախին։  Նրանք  խոսել են  էներգետիկ նախագծերից, «Միջին միջանցքից», ներդրումանյին հիմնադրամի ստեղծումից։ Ինչո՞վ եք պայմանավորում Թուրքիայի գործեալոճի այս փոփոխությունը։ -Ադրբեջանի պահվածքը պարզ է և մեկնաբանելու կարիք չկա։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրի հետ կապված զարգացումները կտրուկ փոխվեցին երկրաշարժից հետո։ Թուրքիան այս պահին ունի լրջագույն խնդիրներ՝թե՛ երկրաշարժի հետ կապված և թե՛ արտաքին հարաբերություններում իր գործընկերների, ինչպես նաև մրցակիցների ու հակառակորդների հետ։ Գլխավոր խնդիրը Թուրքիայում այս պահին Էրդողանի հարցն է՝ առաջիկա համընդհանուր ընտրությունների հետ կապված։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է թե՛ Ռուսաստանի և թե՛ արևմուտքի աջակցությունն ընտրություններում  իր հաղթանակի համար։ Եվ այս պահին նա ուղղակի խուսափեց տարածաշրջանում լարվածությունը բարձրացնող ուղիղ հայտարարություններից։ Խնդիրը սա է։ Մենք տեսնում ենք, որ երկրաշարժից հետո  Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունը հարևանների նկատմամբ՝ դա կլինի Սիրիա, Հյուսիսային Իրաքում ապրող քրդեր, թե Հայաստան, բավականին փոխվեց։ Այս պահին Էրդողանը պարզապես փորձում է իր հայտարարություններում գոնե փոքր ինչ զուսպ լինել։ Թե ինչքան կտևի դա՝ մենք չգիտենք, կախված է  նաև Թուրքիայի ներքաղաքական զարգացումներից՝ մասնավորապես ընտրություններից։ -Կարծում եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հռետորաբանության այս մեղմացման հետ առնչություն չունի՞։ Թուրքիան, ի տարբերություն Ադրբեջանի գուցե իսկապես ցանկանում է կարգավորել հարաբերությունները, դրա համար զերծ է մնում ագրեսիվ հայտարարություններից։ -Իսկ ո՞վ է  ասում, որ Ադրբեջանը չի ձգտում կարգավորել այդ հարաբերությունները։ Պարզապես Ադրբեջանը ձգտում է կարգավորել իր ուզած պայմաններով, Թուրքիան՝ ևս  իր պայմաններով է գնում կարգավորման։ Իսկ որո՞նք են Թուրքիայի պայմանները, հենց Ադրբեջանի առաջադրած պայմանները։ Այսինքն՝ իրականում Թուրքիան սպասում է հայ-ադրբեջանական որևէ պայմանագրի կնքման, որպեսզի Հայաստանի հետ սկսի հարաբերությունների կարգավորում։ Մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունները չկարգավորվեն, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը պարզապես ժամանակի անտեղի կորուստ ու վատնում է, իմիտացիա։ -Նկատելի է, որ Ադրբեջանում մի փոքր խանդով են վերաբերում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը կամ գուցե առհասարակ չեն ուզում նման հեռանկար։ Այդպես չէ՞։ -Բնականաբար մինչև չկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, Ադրբեջանը չի ցանկանա հայ-թուրքական կարգավորում։ Եթե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն, Ադրբեջանի տեսակետից Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակները պակասում են։ -Զրույցի սկզբում անդրադարձաք ընտրություններին, Հայաստանում կարծես մի փոքր չափազանցված սպասումներ կան դրանց արդյունքներից, քանի որ ըստ որոշ սոցհարցումների ընդդիմության թեկնածուն կհաղթի Էրդողանին։ Կարծում եք նման հեռանկարի դեպքում մեզ համար ինչ-որ բան կփոխվի՞։ -Ընդդիմության միասնական թեկնածուն ինձ համար եղածների մեջ առավել դրական կերպար է՝թե մարդկային առումով և թե՛ քաղաքական անցած ճանապարհի տեսանկյունից։Իսկ թե ինչ կփոխվի հայ-թուրքական հարաբերությունների առումով, պետք է նկատի ունենալ, որ անկախ նրանից, թե ով կլինի Թուրքիայի ղեկավար՝ այդ պետությունն առաջնորդվում է իր ազգային շահերով։ Այսինքն մտածել, որ եթե  ընտրվի իքս առաջնորդը Թուրքիայում,  Հայաստանին լավ աչքով կնայեն կամ միանգամից կասեն՝ Ադրբեջանին թողնենք մի կողմ, չսպասենք, մենք ուղիղ հարաբերություն սկսենք՝ դա մի փոքր իրատեսական չէ։ Ինչպես նշեցի՝ ընդդիմության առաջնորդը մարդկային առումով տարբերվում է Էրդողանից, կարծում եմ իր ընտրվելու պարագայում Հայաստանի նկատմամբ այդ վիարվորական, թշնամական հայտարարությունները չեն լինի՝ հաշվի առնելով իր մարդկային գործոնը։ -Բայց նույն Ցեղասպանության հարցով ինքը նույն դիրքորոշումն ունի, նաև նշում է, որ հարցը պետք է պատմաբաններին թողնել։ -Թուրքիայում կա գործող համակարգ, գրված ու չգրված օրենքներ, չմոռանանք նաև՝ «խորքային պետություն» հասկացությունը։ Ինչքան էլ Էրդողանը պայքարեց նման կառույցները չեզոքացնելու, ոչնչացնելու համար՝ չհաջողեց։ Կան բավականին ազդեցիկ, բայց չերևացող կառույցներ ու դեմքեր,որոնք կարողանում են ազդել ու  որոշ դեպքերում նաև փոխել Թուրքիայի համար քաղաքական վեկտորները։ Կարծում եմ, որ նույնիսկ եթե Քըլըչդարօղլուն ընտրվի, չի ունենա այն ազատությունը, որ խոսի ցեղասպանության մասին։ Չմոռանանք, որ այն կուսակցությունը,որն ինքը ղեկավարում է ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի առաջամարտիկներից է եղել, իրենց առաջնորդները բավականաին հակահայկական  հայտարարություններով ու դիրքորոշմամբ են հայտնի եղել։ Ինքը տարբերվում է։ Իրենից առաջ բավականին հակահայ դեմքեր էին, կուսակցության նախկին առաջնորդը հայ-թուրքական հարաբերությունների նախորդ փուլի՝ Սերժ Սարգսյան-Աբդուլա Գյուլ կարգավորման ժամանակ բավականին բացասական տեսակետ ուներ երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին։ Հիմա այդ կուսակցության առաջնորդը կարող է դառնալ նախագահ, բայց կուսակցության ճնշումը ներքևից լինելու է։ Թեպետ ինքն էությամբ սոցիալիստ է, արմատներով թուրք չէ, բայց չի կարող ազատորեն արտահայտվել։