Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում

Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ելույթ կունենա Հայաստանի ազգային հավաքականում, 19-ամյա ֆուտբոլիստն առաջիկա օրերին կժամանի Հայաստան՝ մասնակցելու ազգային հավաքականի առաջիկա հավաքին: Սա բավական լուրջ համալրում է մեր հավաքականի համար։ Հիշեցնենք, որ մարտի 25-ին Հայաստանի ազգային թիմը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Երևանում մրցելու է Թուրքիայի հետ։ «Շատ հուզված եմ առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու համար, մեծ պատիվ է։ Անհամբեր սպասում եմ մարզումներին և խաղերին»,- Ինստագրամի իր էջում գրել է 19-ամյա ֆուտբոլիստը: Հրանտ-Լեոն Ռանոսը նախորդ տարվա հուլիսից է խաղում գերմանական գրանդի երկրորդ թիմում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Ինչևէ, Ռանոսը ծնվել է Գերմանիայի Գերդեն քաղաքում և ունի հայկական արմատներ` կրելով նաև Երանոսյան ազգանունը։ Ռանոսը 2018 թվականից ելույթ է ունենում «Բավարիայում», որի տարբեր տարիքային թիմերի կազմում անցկացրել է 75 հանդիպում` դառնալով 34 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Լեոն-Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի լավագույն ռմբարկուն է։ «Հրանտը վերջին շրջանում էական աճ է գրանցել և հանդիսանում է մեր թիմի լավագույն ռմբարկուն։ Միևնույն ժամանակ Ռանոսը թիմին մեծ օգուտ է տալիս արդյունավետ փոխանցումներով։ Մենք մեծ հույսեր են կապում նրա հետ»,- ասել է «Բավարիա-2»-ի գլխավոր մարզիչը։ Հայազգի ֆուտբոլիստը պարբերաբար մարզվում է նաև Մյունխենի «Բավարիայի» հիմնական թիմի հետ։ Հավանական է, որ մոտ ապագայում Ռանոսին տեսնենք գերմանական լեգենդար ակումբի հիմական թիմում։ Գերմանական մամուլը դեռևս անցյալ տարի գրում էր, որ Մյունխենյան գրանդի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայազգի ֆուտբոլիստի հետ մեծ հույսեր է կապում։ Նշենք, որ Ռանոսը խաղում է հարձակման կենտրոնում արդյունավետ գործելով նաև «երկրորդ հարում»։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի Ռանոսի տրանսֆերային արժեքը կազմում է 325 հազար եվրո։ Հայաստանի ազգային հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում, ինչպես նաև անցյալ տարի տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկությունում լուրջ խնդիրներ ունեցավ հատկապես հարձակման օղակում։ «Բոկա Խունիորսի» ներկայացուցիչ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը տարբեր պատճառներով հիմնական չէր միանում ազգային թիմին, իսկ Ալեքսանդր Կարապետյանի խաղային որակներն այլևս չեն համապատասխանում մեր գլխավոր թիմի խաղամակարդակին։ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կենտրոնական հարձակվողի բացը փորձում էր լրացնել տակտիկական տարբեր լուծումներով, բայց․․․։ Ժամանակը ցույց տվեց, որ առանց նոմինալ հարձակվողի հնարավոր չէ լուրջ արդյունքրի հասնել։ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային երեք հանդիպումներում Հայաստանի հավաքականը նույնքան հաղթանակ էր տարել, առավելության հասնելով Լիխտենշտեյնի, Իսլանդիայի և Ռումինիայի նկատմամբ։ Այդ հանդիպումներին մասնակցել էր նաև Բալեկյանը։ Թուրքիայի դեմ հանդիպմանը ազգային թիմ են հրավիրվել թե Բալեկյանը, թե Ռանոս և թե Բունդեսլիգայում ելույթ ունեցող մեկ այլ հարձակվող Սարգիս Ադամյանը։ Վերջինս Կապառոսի հետ ունեցած տարաձայությունների պատճառով բաց էր թողել Ազգերի լիգայի վերջին երեք հանդիպումները։ Այսօր կարող ենք փաստել, որ Թուրքիայի դեմ խաղին ընդառաջ Հայաստանի հավաքականի առջրի գծում տեղի է ունեցել էական տեղաշարժ։ Մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հարձակման օղակում նույնիսկ ընտրության հնարավարություն ունի։ Օրինակ Գերմանիայում ելույթ ունեցող Ռանոս-Ադամյան զույգը կարելի է համարել տարբերակներից մեկը։ Չմոռանանք, որ Թուրքիայի դեմ խաղին ընդառաջ Հայաստանի հավաքականը համալրել է նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Ընտրական փուլի մեկնարկից առաջ Հայաստանի գլխավոր թիմում արդեն իսկ տեղի են ունեցել լուրջ համալրումներ։ Այս գործընթացում պետք է արժանին մատուցել ֆուտբոլի ֆեդերացիայի սելեկցիոն բաժնին։