Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում

Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում

Մարտի 25-ին Երևանում կայանալիք 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրել է արտասահմանում ելույթ ունեցող 15 ֆուտբոլիստների։ Տևական դադարից հետ ազգային թիմ է հրավիրվել արգենտինական «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջինս անցյալ տարի տարբեր պատճառներով այդպես էլ չխաղաց մեր հավաքականում։ Ընթացիկ մրցաշրջանում Բալեկյանը «Բոկա Խունյորսի» կազմում ստանում է խաղաժամանակ, իսկ փետրվարի 20-ին կայացած Արգենտինայի առաջնության 4-րդ տուրի «Պլատենսեի» դեմ խաղում դարձել էր գոլի հեղինակ։ Բալեկյանի վերադարձը կարծում ենք կուժեղացնի Հայաստանի հավաքականի հարձակման գիծը։ Որոշակի դադարից հետո ազգային թիմ է հրավիրվել նաև գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ Վերջինս հավաքականի նախկին մարզիչ Խոակին Կապառոսի հետ ունեցած խնդիրների պատճառով չէր մասնակցել Ազգերի լիգայի վերջին երեք հանդիպումներին։ Հանուն արդարության նշենք, որ Ադամյանի խաղը ոչ մի կերպ չի ստացվում Հայաստանի հավաքականում։ Հուսով ենք, որ Պետրակվի գլխավորությամբ այս ֆուտբոլիստը ազգային թիմում կխաղա իր հնարավորությունների սահմաններում։ Ծանր վնասվածքից հետո հավաքական է հրավիրվել վերջերս շվեդական «Բրոմապոյկարնայի» het պայմանագիր կնքած կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը։ Այս ֆուտբոլիստը ծանր վնասվածք էր ստացել մեկ տարի առաջ Չեռնոգորիայի դեմ հանդիպման նախախաղային մարզման ժամանակ։ Ինչևէ, ծանոթանալով Պետրակովի ցուցակին կարող ենք ասել, որ ուկրաինացի մասնագետը լեգեոներների կտրվածքով ընտրել է օպտիմալ կազմ։ Թերևս որոշակի զարմանք է առաջացնում Հայաստանի հավաքականի պաշտպանության առաջատար կիպրական «Անորտոսիսի» ներկայացուցիչ Հովհաննես Համբարձումյանի բացակայությունը։ Այս ֆուտբոլիստը տարիներ շարունակ լավ խաղով աչքի է ընկել ազգային թիմի կազմում։ Ներկայում Համբարձումյանը կայուն ելունթներ է ունենում իր թիմի կազմում։ Համբարձումյանի բացակայությունը կարելի է բացատրել թերևս այսպես․ Պետրակովը սկսել է ռեֆորմներ անել մեր հավաքականում։ Միայն լեգեոներների ցուցակում Պետրակովն ընդգրկել է 5 պաշտպանների, Կամո Հովհաննիսյանին, Նաիր Տիկնիզյանին, Ժոաո Արարատին, Գեորգի Հարությունյանին, Անդրե Չալըշըրին և վերջապես Վարազդատ Հարոնյանին։ Տիկնիզյանի ներկայությունը կարող է էապես փոխել պաշտպանության որակը։ Վերջին շրջանում տպավորիչ խաղով աչքի է ընկնում նաև Արարատը։ Պետրակովի տրամադրության տակ կան նաև պաշտպաններ որոնք հաջող խաղով աչքի են ընկնում հայկական թիմերում։ Խոսքը առաջին հերթին վերաբերվում է «Ուրարտուի» ներկայացուցիչ Ժիրայի Մարգարյանին։ Կարծում ենք այս ֆուտբոլիստը ևս կհրավիրվի ազգային հավաքական։ Նշենք, որ Համբարձումյանը սովորաբար խաղում է պաշտպանության աջ եզրում։ Նույն դիրքում են խաղում Արարատը և Կամո Հոհվաննիսյանը։ Կարճ ասած Պետրակովը նախապատվությունը տվել է պաշտպանական գծում խաղացող այլ ֆուտբոլիստների։ Հրավիրելով «Կրասնոդարի» երկրորդ թիմի 18-ամյա կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանին ուկրաինացի մասնագետը խնդիր է դրել կարգավորել խաղը պաշտպանության կենտրոնում։ Հավանականությունը փոքր է, որ Պետրակովը ազգային թիմի նորեկին կվստահի Թուրքիայի դեմ պատասխանատու խաղում։ Չմոռանանք, որ մարտի 28-ին Հայաստանի ազգային թիմը Երևանում ընկերական հանդիպում է անցկացնելու Կիպրոսի հետ։ Կարծում ենք ուկրաինացի մասնագետը Հարությունյանին հրավիրել է ընկերական հանդիպմանը փորձարկելու նպատակով։ Պետրակովի ցուցակում տեղ չի գտել Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանին: Նշենք, որ կիսապաշտպանական գծում մեր հավաքականում մրցակցությունը բավական մեծ է։ Այո Գալոյանի տրանսֆերայի արժեքը 1․5 միլիոն եվրո է, բայց ազգային թիմի վերջին՝ Ալբանիայի դեմ խաղում այս ֆուտբոլիստը ոչնչով չտպավորեց։