Արցախի երեխաները զրկված են կրթություն ստանալու իրավունքից․ ԱՀ ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար

Արցախի երեխաները զրկված են կրթություն ստանալու իրավունքից․ ԱՀ ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի ուղերձը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ 2018թ. դեկտեմբերի 3-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից հունվարի 24-ը հռչակվեց՝ որպես Կրթության միջազգային օր: Սա ևս մի առիթ է՝ արժևորելու կրթության դերը երկրի զորացման, անհատի ու հասարակության կայացման գործում։ Պետությունների ռազմավարական առաջնահերթությունը հասարակության յուրաքանչյուր անդամի կրթության իրավունքի ապահովումն ու դրա լիարժեք պայմանների ստեղծումն է։ Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիվ քաղաքականության արդյունքում՝ ճանապարհի շրջափակման, գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի խափանման պատճառով փակ են հանրապետության բոլոր մանկապարտեզների, դպրոցների, նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դռները, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր երեխաներ ու երիտասարդներ զրկված են կրթություն ստանալու իրավունքից։ Մեր կոչն է աշխարհի ազդեցիկ երկրներին ու կազմակերպություններին՝ հետամուտ լինել վերականգնելու արցախցի երեխաների ոտնահարված իրավունքներն ու կրթություն ստանալու հնարավորությունը։