Բաքվի տարօրինակ արձագանքը. դիտորդական առաքելության «կոդը»

Բաքվի տարօրինակ արձագանքը. դիտորդական առաքելության «կոդը»

Ադրբեջանի ԱԳՆ-ն բավականին բազմիմաստ հայտարարությամբ է արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դիտորդության ԵՄ առաքելության մասին Եվրամիության որոշմանը: Բաքուն հայտարարում է, որ որոշումն ընդունում է ի գիտություն, միաժամանակ ասելով. «Մենք շարունակում ենք հաստատակամ դիրքորոշում ունենալ, որ նման գործողությունները, ներառյալ (հայ-ադրբեջանական) սահմանի սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի բացառապես երկկողմանի հիմունքներով, չպետք է վնասի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»: Ադրբեջանը շարունակում է, թե ԵՄ առաքելությունը պետք է գործի հաշվի առնելով նաև Ադրբեջանի «օրինական շահերը»: «Երկխոսության գոյություն ունեցող մեխանիզմների դեմ ԵՄ առաքելության ներկայությանը չարաշահումը վտանգավոր է և դրանից պետք է խուսափել», հայտարարում է Բաքուն: Հայտարարությունը տարօրինակ է, որովհետև Բաքվի արձագանքը հուշում է, որ դիտորդական առաքելության վերաբերյալ որոշումը ԵՄ երկրների հավանությունը որոշակիորեն տեղի է ունեցել Ադրբեջանի հետ կոմունիկացիայի պայմաններում, որքան էլ առաջին հայացքից ստեղծվում է հակառակ տպավորություն: Բաքվի արձագանքը այլ բան չէ, քան հիշեցում ԵՄ իր գործընկերներին, որ առաքելությունը չպետք է խախտի «պայմանավորվածությունները»: Սա ըստ էության բավականին թափանցիկ ակնարկ է առ այն, որ այն չպետք է գործի Ֆրանսիայի քաղաքականության տրամաբանությամբ, որը եղել էր դիտորդական մեխանիզմի մտահղացման և նախաձեռնոության հեղինակը: Ադրբեջանը փորձում է և փորձելու է անել առավելագույնը, դիտորդական առաքելության հետագա արեալը ֆրանսիական ազդեցության դաշտում չթողնելու և հակառակը՝ դրա վրա իր եվրաբարեկամների ազդեցությունը տարածելու համար: Իսկ Բաքուն Եվրամիությունում ունի նավթի, գազի ու նաև խավիարի բազմաթիվ բարեկամներ, պետությունների և առանձին գործիչների տեսքով, ու սա բոլորովին նորություն չէ և ավելին՝ սա փաստաթղթավորված տեսք ունեցող իրողություն է: Այդ համատեքստում էլ Բաքուն հիշեցնում է Հայաստանի սահմանների հանդեպ իր «պահանջները», որոնք դիտարկում է իբրև իր «օրինական շահեր»: Հենց այդ համատեքստում է, որ նախօրեին տաք հետքով անդրադառնալով ԵՄ որոշմանը, ընդգծեցի, որ՝ որոշման ողջոււնելիությամբ և օգտակարությամբ հանդերձ, այդուամենայնիվ գլխավոր հարցը մնում է հետևյալը. ինչպե՞ս է վերաբերվում ԵՄ-ն Հայաստանի սահմանների հանդեպ Ադրբեջանի պահանջներին: Այդտեղ է, այդ հարցի պատասխանի մեջ է շարունակում «թաղված լինել շան գլուխը»: Այդտեղ է ԵՄ առաքելության հետագա էֆեկտիվության «կոդը»: Այդ հարցի պատասխանը բարձրաձայնելը թերևս պետք է լինի Եվրամիության առաջիկա պարտավորությունը Հայաստանի հասարակության առաջ, հետագայում դիտորդական առաքելության գործունեության պատասխանատվության խնդրի ստույգ հասցեագրումների համար: