«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցներն ազդարարեցին մրցույթի մեկնարկը՝ վառելով Երևանի գլխավոր տոնածառի լույսերը

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցներն ազդարարեցին մրցույթի մեկնարկը՝ վառելով Երևանի գլխավոր տոնածառի լույսերը

«Մանկական Եվրատեսիլ» երգի հեղինակավոր մրցույթի տասնվեց մասնակիցները դեկտեմբերի 5-ին Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում ազդարարեցին մրցույթի պաշտոնական բացումը: 20-րդ մրցույթի պատվիրակներն անցան կարմիր գորգով, պատասխանեցին հաղորդավարների հարցերին և մուտք գործեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ որոշվեց մրցութային համարների հերթականությունը։ Ըստ վիճակահանության՝ դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մրցույթին Հայաստանի պատվիրակ Նարեն Dance ! երգով հանդես կգա 15-րդ համարի ներքո, առաջինը ելույթ կունենա Նիդեռլանդների պատվիրակը, իսկ վերջինը՝ Ուկրաինայի մասնակիցը: Մյուս մասնակից երկրները, որոնք են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Պորտուգալիան, Սերբիան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան, հանդես կգան ըստ այբբենական կարգի: Վիճակահանությունից հետո հրապարակում հավաքված բազմությունը հնարավորություն ունեցավ Հանրապետության հրապարակում կառուցված տոնական բեմում դիտելու ամանորյա հեքիաթային մյուզիքլը, որն ավարտվեց տպավորիչ հրավառությամբ, այնուհետև վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։ Տոնն ամբողջական դարձավ համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթներ ունեցան տարբեր տարիներին «Մանկական Եվրատեսիլում» հաղթած արտիստները և Հայաստանի պատվիրակները։ Երեկոյի հաղորդավարներն էին 2011 թվականին «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Դալիթան, հաղորդավար Համլետ Առաքելյանը և 2014 թվականին «Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն։  «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին անցկացվում է Հայաստանում:  «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի խորհրդանիշը հայկական հոլն է, իսկ կարգախոսը՝ «Պտտի՛ր հրաշքը»: