Ստեփանակերտ-Երևան. աննախադեպ կարծիք

Ստեփանակերտ-Երևան. աննախադեպ կարծիք

Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ամերիկյան ռուսալեզու RTVI հեռուստաալիքին, որի ընթացքում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությանը, արել է որոշակիորեն աննախադեպ արտահայտություն կամ հնչեցրել է աննախադեպ գնահատական: Հայաստանի վարչապետի հետ հարաբերությունը նա գնահատել է «աշխատանքային», ասելով, որ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել են աշխատանքային հարցեր, Արցախի առաջ կանգնած խնդիրներ: Աննախադեպն այն է, որ Ռուբեն Վարդանյանը ասել է, որ «Հայաստանի շահերը կարող են լիովին չհամընկնել Արցախի շահերի հետ»: Աննախադեպն իհարկե միտքը կամ բովանդակությունը չէ, որովհետև այն տարբեր առիթներով շրջանառել են տարբեր բանախոսներ: Աննախադեպ է այն, որ կարծիքը հնչում է Արցախի բարձրաստիճան պետպաշտոնյայի շուրթերից: Մինչ այժմ պաշտոնական Ստեփանակերտից չի հնչել այդօօրինակ գնահատական, կարծիք: Ասել, թե մինչ այժմ չի եղել այդպիսի իրավիճակ, թերևս կլինի սխալ, որովհետև խոշոր հաշվով իրողությունները, ռեգիոնալ քաղաքական զարգացումներն ու շերտերը և դրանց աշխարհաքաղաքական համատեքստը ըստ էության նույնն են առնվազն տասնամյակ: Պարզապես պատերազմից հետո արդեն այլ է հենց հայկական շահերի հետ ստատուս-քվոյի հարաբերակցությունը, ինչը պարտադրում է իրերին նայել նոր հայացքով: Ահա այդ համատեքստում, հնչող աննախադեպ գնահատականը կամ կարծիքը, բարձրաձայնումը թերևս պետք է լինի խրախուսելի, որովհետև արցախյան հարցում, հայ-ադրբեջանական հակամարտությունում հայկական կողմի գլխավոր խնդիրներից, հիմնարար հարցերից մեկն էլ եղել է այն, որ քաղաքական մակարդակում տեղի է ունեցել Ստեփանակերտ-Երևան լիակատար նույնացում, որը իհարկե եղել է Արցախի սուբյեկտության չեզոքացման և գործընթացում Արցախը Հայաստանով փոխարինելու քաղաքականության հետևանք: Եվ որոշակի իմաստով գուցե հենց այդ պատկերն էլ եղել է Ստեփանակերտում սուբյեկտային առումով վերնախավի «թուլանալու» և Երևանով փոխարինվելու փաստից «հաճույք» ստանալու հետևանք, այն համակարգային հաճույքները, որ եղել են Հայաստանում կառավարող բուրգի բնույթի բերումով: Արցախի սուբյեկտության վերականգնումը պետք է սկսի նաև հենց Ստեփանակերտում սուբյեկտային մտածողության և հավակնության վերականգնումով, իսկ այդ հարցում առանցքային է գիտակցումը, որ իրապես չեն կարող բացարձակապես համընկնել միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ Հայաստանի և չճանաչված Արցախի հանրապետության շահերը, և դեմ գնալ քաղաքական այդ իրողություններին, նշանակում է դեմ գնալ իրականությանը, շեղվել դրանից և հետևաբար հայտնվել «խաղից դուրս» վիճակում: Ընդ որում այն, որ Ստեփանակերտի ու Երևանի շահհերը կարող են համընկնել ոչ միշտ և ոչ բոլոր դեպքերում, բացարձակապես չի նշանակում Ստեփանակերտ-Երևան հակադրություն: Ավելին, հենց չհամընկնող հանգամանքների գիտակցումը, դրանից «ապոկալիպսիս» կառուցելու զգայականությունից և հուզականությունից խուսափելը, դրա փոխարեն համարժեք աշխատանքի միջոցով իրողության լիարժեք «ստուգաբանում»-«ախտորոշումն» է, որ թույլ կտա ձևակերպել Արցախի սուբյեկտայնության, հետևաբար նաև անվտանգության օպտիմալ հեռանկարների հիմքը, այդ կերպ փորձելով խաղ վերադարձնել Արցախն ու խաղային ճկունությամբ օժտելով Հայաստանը: