Ժողովրդավարության բաստիոն Հայաստանը կրկին «իզգոյների» կողքին՝ այս անգամ Իրանի հարցով

Ժողովրդավարության բաստիոն Հայաստանը կրկին «իզգոյների» կողքին՝ այս անգամ Իրանի հարցով

«ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Խորհուրդը Ժնևի իր նիստում Իրանից պահանջեց վերջին ցույցերի դեպքերի և սպանությունների համար միջազգային հետաքննության հնարավորություն ստեղծել։ Գերմանիայի առաջարկին կողմ քվեարկեցին 25 պատվիրակ, դեմ եղան վեց երկիր, իսկ ձեռնպահ մնացին 16 երկիր։ Բանաձևին դեմ են քվեարկել Հայաստանը, Պակիստանը, Կուբան, Վենեսուելան, Էրիթրեան և Չինաստանը։ Ձեռնպահ են քվեարկել Բոլիվիան, Բրազիլը, Կամերունը, Կոտ Դի Վուարը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Մալավին, Մալեզիան, Մավրիտանիան, Նամիբիան, Կատարը, Սենեգալը, Սուդանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ուզբեկստանը»։ Իրանագետ Արմեն Վարդանյանը գտնում է, որ ցավոք սրտի Հայաստանն այնքան ծանր վիճակում է գտնվում, որ շատ հաճախ իր իսկ սկզբունքներին դեմ գնալով ՄԱԿ-ում կամ այլ միջազգային կառույցներում դեմ դուրս չի գալիս Իրանի կամ Ռուսաստանի դեմ բանաձևերին․ «Նաև սրանով է պայմանավորված մեր ծանր, բարդ վիճակը։ Հայաստանը չի ուզում հարևանների հետ խնդիրներ ունենալ։ Չնայած իմ խորին համոզմամբ՝ ավելի լավ կլիներ, որ ձեռնպահ մնար կամ քվեարկությանը չմասնակցեր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ Վարդանյանի՝ մի կողմից մենք մեզ դիրքավորում ենք որպես տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ, ժողովրդավարության բաստիոն, բայց մյուս  կողմից էլ հակաժողովրդավարական ռեժիմներին աջակցող քվեարկություններ է իրականացնում, ինչը նոնսենս է։ Մեր զրուցակիցը, միևնույն ժամանակ նկատեց, որ Ռուսաստանի դեմ բանաձևերի հետ կապված Հայաստանի դիրքորոշումը որոշակիորեն մեղմվել է։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՄԱԿ-ի բոլոր քվեարկությունների ժամանակ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Ռուսաստանի դեմ բանաձևերին՝ այդպիսով չհամալրելով այն պետությունների ցանկը, որոնք աջակցում են Ռուսաստանի ագրեսիան՝ ընդդեմ Ուկրաինայի։ Վարդանյանը շեշտում է՝ լավ կլիներ, որ Իրանի պարագայում էլ Հայաստանը ձեռնպահ մնար կամ ընդհանրապես չմասնակցեր։ Վարդանյանը նշում է՝ հայտնի չէ, թե մեր արտաքին քաղաքական գերատեսչությունն ինչ սկզբունքով ու հաշվարկներով է նման քվեարկություն արել, բայց այն իսկապես շատ մտահոգիչ է։ Իրանագետը նշում է, որ Իրանի այն ժողովրդավարական ուժերն ու գործիչները, որոնք դրսում են գտնվում քննադատող գրառումներ են արել այն պետությունների հասցեին, որոնք բանաձին դեմ են քվեարկել։ Նրանց թվում է նաև Իրանի շահի որդին։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը սխալ հաշվարկ է կատարել, ավելի լավ կլիներ, որ մենք ձեռնպահ քվեարկեինք կամ առհասարակ չմասնակցեինք քվեարկությանը։ Միևնույն ժամանակ  իրանագետը  նշեց, որ այս քվեարկությանը գլոբալ բացասական հետևանքեր չեն հաջորդի, սակայն մտահոգիչ է, որ բացասական կարծիք է ստեղծվում․ «Երբ Հայաստանը գնում ու միջազգային  կառույցներից, ժողովրդավարական երկրներից աջակցություն է խնդրում տարբեր հարցերի շուրջ, այս քվեարկությունները Հայաստանի իշխանություններին կհիշեցնեն։ Իհարկե ես չեմ կարծում, որ Հայաստանի առումով գլոբալ փոփոխություններ կլինեն, բայց այս հարցերն անպայման կբարձրացվեն»։ Արմեն Վարդանյանը նաև չի բացառում, որ սա նախկին իշխանություններից եկած իներցիոն քաղաքականության արդյունք է, ինչի պատճառով Հայաստանի դիրքավորման առումով ռադիկալ փոփոխություններ տեղի չեն ունենում։