Ավստրիայում հավանություն են տալիս Բուլղարիայի և Ռումինիայի անդամակցությանը Շենգեն գոտուն

Ավստրիայում հավանություն են տալիս Բուլղարիայի և Ռումինիայի անդամակցությանը Շենգեն գոտուն

Ավստրիան պաշտոնապես հավանություն Է տալիս Բուլղարիայի և Ռումինիայի անդամակցությանը Շենգեն գոտուն: Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Ավստրիան նախկինի պես պաշտոնապես հավանություն Է տալիս Խորվաթիայի, ինչպես նաև Ռումինիայի և Բուլղարիայի անդամակցությանը Շենգեն գոտուն», - հայտարարել Է Ավստրիայի փոխկանցլեր Վեռներ Քոգլերը: Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Քառները նոյեմբերի 21-ին հրապարակայնորեն հանդես Էր եկել Շենգենյան գոտու ընդլայնման դեմ՝ իր դիրքորոշումը պայմանավորելով անօրինական ներգաղթյալների թվի աճով: Իսկ նոյեմբերի 23-ին Զագրեբ կատարած պաշտոնական այցի ընթացքում Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել Էր, որ Վիեննան հավանություն կտա Խորվաթիայի անդամակցությանը Շենգեն գոտուն, բայց «քննադատորեն կվերաբերվի» Բուլղարիայի և Ռումինիայի հայտերին: Ավստրիայի ՆԳՆ-ի ղեկավարը և կառավարության նախագահը ներկայացնում են Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը, մինչդեռ Քոգլերն այդ կուսակցության կոալիցիոն գործընկերոջ՝ «Կանաչների» կուսակցության առաջնորդն Է: Շենգեն գոտին ներառում Է Եվրոպայի 26 պետություններ, որոնք ունեն սահմանային հսկողության միասնական համակարգ: Դրանց մեծ մասը նաև Եվրամիության անդամներ են: Համաձայնագրին են միացել Իսլանդիան, Լիխտենշտայնը, Նորվեգիան և Շվեյցարիան, որոնք չեն մտնում ԵՄ-ի կազմի մեջ: Բուլղարիան, Կիպրոսը, Ռումինիան և Խորվաթիան առայժմ չեն մտնում Շենգեն գոտու մեջ, բայց մտադիր են միանալ դրան: Դրա համար անհրաժեշտ Է Շենգեն գոտու բոլոր գործող անդամների հավանությունը: Եվրահանձնաժողովը նոյեմբերի 16-ին հայտարարել Էր, որ Բուլղարիան, Ռումինիան և Խորվաթիան պատրաստ են անդամակցել Շենգեն գոտուն, և ԵՄ-ի խորհրդին առաջարկել Էր հաստատել այդ որոշումը: Սպասվում Է, որ Խորհուրդը հարցը կքննարկի դեկտեմբերի 8-ին: