Երևանում վերաբացվել է Կանադայի հյուպատոսությունը. դեսպանություն բացելու ծրագիրն ընթացքի մեջ է

Երևանում վերաբացվել է Կանադայի հյուպատոսությունը. դեսպանություն բացելու ծրագիրն ընթացքի մեջ է

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում վերաբացվել է Կանադայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Էլիսոն Լը Քլերը բացման արարողությանը ասել է, որ Կանադան 1997 թվականից Հայաստանում ունեցել է հյուպատոսություն, որի նպատակն է եղել Հայաստանում բնակվող, սովորող և ճանապարհորդող կանադացիներին օգնություն տրամադրել։ Դեսպանը նշել է, որ մի քանի տարի խզվածք է եղել և հատկանշական է, որ հյուպատոսության վերաբացումը համընկել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի հետ։ Նա հիշեցրել է նաև, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին վերջերս հայտարարել էր Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացմելու մասին և այն ընթացքի մեջ է։ ՀՀ-ում Կանադայի պատվավոր հյուպատոս է նշանակվել Վարդգես Ավագյանը։ Նոր հյուպատոսությունը հանրության համար բաց կլինի 2022թ. դեկտեմբերի 15-ից: Այն կառաջարկի հիմնականում հյուպատոսական ծառայություններ Հայաստանում ապրող, սովորող, աշխատող և ճանապարհորդող կանադացիներին, ներառյալ շտապ հյուպատոսական օգնությունը, անձնագրային և քաղաքացիությանը վերաբերվող ծառայությունները: