Մասկը Twitter-ի կասեցված օգտահաշիվների համար համաներում է հայտարարել

Մասկը Twitter-ի կասեցված օգտահաշիվների համար համաներում է հայտարարել

Ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկը, ով վերջերս դարձել է Twitter սոցիալական հարթակի սեփականատերը, համընդհանուր համաներում է հայտարարել Twitter-ի կասեցված օգտահաշիվների համար: Մասկի այս քայլը մտավախություններ է առաջացրել, որ «ատելություն տարածողները» կվերադառնան այս սոցիալական հարթակ: Այս մասին տեղեկանում է The Guardian պարբերականից: Twitter-ի նոր սեփականատերն ասել է, որ արգելափակված օգտատերերի համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ: Նման որոշում Մասկը կայացրել է իր էջում անցկացրած հարցման արդյունքներով: Քվեարկողները պատասխանում էին այն հարցին՝ արդյոք պետք է ընդհանուր համաներում շնորհել օգտահաշիվներին, եթե նրանք «չեն խախտել օրենքը կամ չեն զբաղվել աղաղակող սպամի տարածմամբ»: Մասկը չի հստակեցրել, թե որ օրենքները նկատի ունի։ Հարցման տակ քվեարկել է ավելի քան 3.1 մլն օգտատեր, 72%-ը՝ համաներման օգտին: Քվեարկության արդյունքների մասին Մասկը հայտնել է իր Twitter-ի էջում: «Ժողովուրդը խոսեց։ Համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ: Vox Populi, Vox Dei (լատ. Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է - խմբ.)», - գրել է նա: Օրեր առաջ Իլոն Մասկը վերականգնել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը, ինչպես նաև ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթի օգտահաշիվը, որի թվիթերյան էջն արգելափակվել էր անցյալ ամիս հակասեմական մեկնաբանությունների համար: «Թվային ատելության դեմ պայքարի կենտրոն» քարոզչական խումբը հայտարարել է, որ ատելություն պարունակող բովանդակություն տարածողները կշահեն այս քայլից, և կոչ է արել գովազդատուներին դադարեցնել Twitter-ի ֆինանսավորումը, թեև գովազդատուներից շատերն արդեն ծախսեր չեն կատարում այս հարթակում: