Մեծ Բրիտանիան կանգնած է Վրաստանի կողքին․ Ռիշի Սունակ

Մեծ Բրիտանիան կանգնած է Վրաստանի կողքին․ Ռիշի Սունակ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հղած նամակում նշել է, որ այս դժվարին ժամանակաշրջանում, երբ Վրաստանն ու Միացյալ Թագավորությունը նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 30-ամյակը, անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերությունը երբեք այսքան կարևոր չեն եղել: Նամակում նշվում է, որ Միացյալ Թագավորությունը ռուսական շարունակական ագրեսիայի պայմաններում կանգնած է Վրաստանի կողքին։ «Պարոն վարչապետ, երախտապարտ ենք հոկտեմբերի 26-ի Ձեր շնորհավորական ուղերձի համար։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն այցելելու և Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ Ձեր ցավակցությունը հայտնելու համար։ Մենք վճռականորեն աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին դուրս գալ Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջաններից, հետ կանչել այսպես կոչված հանրապետությունների անկախության ճանաչումը և Վրաստանի նշված շրջաններում մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիություն ապահովել»,-նշված է նամակում։ Վարչապետ Ռիշի Սունակը նաև ողջունել է Վրաստանի աջակցությունն Ուկրաինային՝ նշելով, որ Ռուսաստանի անօրինական պատերազմը հիշեցնում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, ներառյալ տարածքային ամբողջականության դեմ Մոսկվայի բացահայտ սպառնալիքների մասին: «Մեծ Բրիտանիան անսասան է, ինչպես և Վրաստանի աջակցությունն Ուկրաինային։ Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ հանդիպման՝ ամրապնդելու մեր գործընկերությունը՝ հանուն մեր ազգերի բարգավաճման, խաղաղության և անվտանգության»,-ասված է Ղարիբաշվիլիին ուղղված նամակում։