Շոտլանդիայում մանկավարժների գործադուլի պատճառով փակվել են գրեթե բոլոր դպրոցները

Շոտլանդիայում մանկավարժների գործադուլի պատճառով փակվել են գրեթե բոլոր դպրոցները

Շոտլանդիայի գրեթե բոլոր դպրոցներն այսօր փակվել են մանկավարժների ազգային գործադուլի պատճառով, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում 10 տոկոսով: Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Դա վերաբերում Է գրեթե բոլոր դպրոցներին՝ ինչպես տարրական, այնպես Էլ միջնակարգ, ինչպես նաև բազմաթիվ մունիցիպալ մանկապարտեզների: Նշվում Է, որ սա մանկավարժների առաջին համազգային գործադուլն Է Շոտլանդիայում 1980-ական թվականներից ի վեր: Բաց են մնում միայն մի քանի տարրական դպրոցներ Օրկնեյան և Շետլանդյան կղզիներում: Մեծ Բրիտանիայում գործադուլների ալիք Է դիտվում երկրում ռեկորդային գնաճի ֆոնին: Բողոքի են դուրս գալիս երկաթուղային ընկերությունների աշխատակիցները, փաստաբանները, օդանավակայանների աշխատողները, փոստատարները և այլ բնագավառների աշխատողներ: Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո Արևմուտքը խստացրել Է պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ: Լոգիստիկ շղթաների խախտումը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում վառելիքի և սննդամթերքի գների աճի: Մեծ Բրիտանիայում ապրուստի արժեքի աճը հարվածել Է միլիոնավոր տնային տնտեսությունների: Անգլիայի բանկը բազային տոկոսադրույքը բարձրացրել Է 75 բազիսային կետով՝ 2,25 տոկոսից հասցնելով 3 տոկոսի: Անգլիայի բանկը նաև հայտնել Է, որ Բրիտանիայի տնտեսությունը մտել Է ռեցեսիայի փուլ, որը, ինչպես սպասվում Է, կշարունակվի ողջ 2023 թվականի ընթացքում և կտևի մինչև 2024 թվականի առաջին կիսամյակը: Տարեկան գնաճը Մեծ Բրիտանիայում հոկտեմբերի դրությամբ հասել Է 11,1 տոկոսի: