«Էլ ինչու է գործը բացվել, եթե մեղավորները չեն պատժվելու, մեր նյարդերի վրա՞ են խաղում». Պողոս Պողոսյանի եղբորորդին դժգոհ է քննությունից

«Էլ ինչու է գործը բացվել, եթե մեղավորները չեն պատժվելու, մեր նյարդերի վրա՞ են խաղում». Պողոս Պողոսյանի եղբորորդին դժգոհ է քննությունից

Նախօրեին պարզ դարձավ, որ Պողոս Պողոսյանի սպանության գործով 2 դատաբժիշկների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է պաշտոնավարման կասեցումը։ Ավելի վաղ գրել էինք, որ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով: Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում վեճ էր սկսվել, որի հետևանքով Պողոս Պողոսյանը սրճարանի զուգարանում սպանվել էր: Այդ սպանության համար Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար և 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։ Տուժողի իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ տարվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, թողնվել է առանց քննության։ Այս գործը վերաբացվեց 2020-ին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի դիմումից հետո, վերջինս դեպքի օրը գտնվել էր սրճարանում։ Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով նրա հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Պողոս Պողոսյանը զրկվել է կյանքից ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։ Մինչ օրս շարունակվում է քննությունը։ Այս առնչությամբ, Պողոս Պողոսյանի եղբորորդին Սամվել Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դժգոհ է, որ գործընթացը անընդհատ երկարաձգվում է. «Ես դժգոհ եմ, որ սպանության հեղինակ Աղամալ Հարությունյանը դեռևս ազատության մեջ է: Ազատության մեջ են նաև իր հետ եղած մյուս հանցագործները: Դժգոհ եմ, որ հանցագործությունը կոծկած քննիչները, դատավորը, դատախազը դեռևս պատասխանատվության չեն կանչվել, դժգոհ եմ, որ Հայաստանում դատական գործընթացները շատ են ձգձգվում: Ես չեմ կարող ասել՝ սա միտում է, թե գործերը շատ են: Մենք տեսնում ենք, որ բոլոր դատական գործերը նույն ձևով ձգձգվում են: Ես չեմ հասկանում, թե ինչ դատական համակարգ են ստեղծել, որ կարելի է որևէ գործ 15-20 տարի ձգել, մինչև Աղամալն էնտեղ կմահանա, հարցը դրանով կփակվի»,-ասաց նա՝ հավելելով, որ գործը շատ դանդաղ է առաջ շարժվում: «Ես լսեցի, որ երկու դատաբժիշկների զրկել են լիցենզիայից, որոնք կեղծ տեղեկանք էին տվել: Այսինքն ինչ-որ բաներ կատարվում է, բայց շատ դանդաղ»: Անդրադառնալով փաստաբանի հայտարարությանը, թե ոչ մի նոր հանգամանք էլ ի հայտ չի եկել, դա ֆիկցիա է, Պողոս Պողոսյանի եղբորորդին ասաց. «Բնականաբար, իրենց խնդիրը այդպես ասելն է: Իրականում նու հանգամանք է ի հայտ եկել, բոլորին հայտնի է՝ ինչ է տեղի ունեցել, խմբակային սպանություն է տեղի ունեցել բոլորի աչքի առաջ և մարդը դատվել է ուղղակի պատահաբար մենակ ինչ-որ մեկին հրելու և գցելու համար: Ոչ ոք գոնե ձևի համար գոնե մեկ օր չի կալանավորվել: Եթե մեկը չնկատի, պատահաբար մեքենան հետ տա ու ինչ-որ մեկին վրաերթի ենթարկի, կտանեն 7 տարի կազատազրկեն: Իսկ այս դեպքում բոլորի աչքի առաջ մարդուն ծեծելով խմբակային սպանում են, ու ոչ մեկը ոչ մի օր գոնե ձևի համար չի նստում: Սա ուղղակի խայտառակություն է»: Նա հավելեց, որ ինքը ցավոք շատ հիասթափված է դատական համակարգից ու առկա իրողություններից. «Մնացական Մարտիրոսյանը, որ այդ գործով դատավորն է եղել, այսօր նոր պաշտոն են տվել: Մենք գիտենք, որ նա ամենաաղմկահարույց գործերով է զվաղվել Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, հիմա էլ նույն ձևով այդպիսի գործերով է զբաղվում ու պաշտոնի բարձրացում է ստանում: Միակ դրականն այն է, որ գործը բացվել է, բայց դա բավարար չէ: Եթե բացվել է, ուրեմն պետք է մեղավորները պատժվեն: Եթե չեն պատժվելու, էլ ինչո՞ւ է բացվել, ինչու են մեր նյարդերը քայքայում»,-ասաց Սամվել Պողոսյանը: