ՀԱՊԿ Վեհաժողովի «շարունակությունը» Բաքվում

ՀԱՊԿ Վեհաժողովի «շարունակությունը» Բաքվում

Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Խովաևը մի քանի օր առաջ Հայաստանում էր: Բայց, Բաքու նրա այցն ու Ալիևի հետ հանդիպումը առավել ուշագրավ է դարձնում Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Վեհաժողովի ֆոնին, մասնավորապես  դրա շրջանակում Պուտին-Փաշինյան հանդիպումն ու նաև նոյեմբերի 24-ի առավոտյան կառավարության նիստում Հայաստանի վարչապետի արած հայտարարությունը: «Ռուսաստանի նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում, մենք որոշակի ազդակներ ստացանք, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնանք ու սկսենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը», հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նկատենք, որ ՀԱՊԿ երևանյան Վեհաժողովից առաջ, դրա նախօրյակին ՌԴ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Երևան ժամանելուն պես Պուտինը նաև փաստացի կարճատև զրույց ունեցավ Հայաստանի վարչապետի հետ՝ օդանավակայանից Երևանի կենտրոն ճանապարհին, իր մեքենայի մեջ, որով Նիկոլ Փաշինյանն ու Պուտինն ուղեվորվեցին Վեհաժողով: Երևանում նրանք արդեն պաշտոնական հանդիպում ունեցան արդեն Վեհաժողովից հետո: Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը՝ երկաթուղու վերաբերյալ ազդակներ ստացած լինելու մասին, թերևս արտահայտում է այդ «շղթայի» բովանդակությունը, որի մաս է դառնում նաև Խովաևի այցը Բաքու: Չի բացառվում նաև, որ շղթայի օղակ էր Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան՝ մինչ ՀԱՊԿ Վեհաժողովը, որտեղ նա հանդիպել էր Իրանի արտաքին գործերի նախարար Աբդոլահիանի հետ: Իսկ այդ հանգամանքը նշանակում է, որ փոխարտգործնախարարը մեկնել է բավականին հստակ և հատուկ օրակարգային ուղերձով: Կշարունակվի՞ այդ շղթան, թե՞ այն կընդհատվի այսօր Բաքվում Խովաև-Ալիև հանդիպմանը, երբ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կհրաժարվի իր նախնական համաձայնություններից, ինչպես ի դեպ եղել էր դեռևս օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ռուսական առաջարկի մասով: Խոսքը հայտնի առաջարկի մասին է, որ ըստ վարչապետ Փաշինյանի հենց սկզբից արժանացել է Երևանի հավանությանը, որը նախատեսում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր, ամրագրումով, որ Արցախի կարգավիճակի հարցը կողմերը թողնում են անորոշ ապագայի: «Նախորդ դառը փորձը հաշվի առնելով, նորից ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ դեռևս պետք է այս ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի, բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում խոսելով երկաթուղու վերաբերյալ ստացված ազդակի մասին: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել նաև, որ «դա մի ծրագիր է, որ համոզված է, որ բոլոր դեպքերում միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն»: Հայաստանի վարչապետի այդ ակնարկն ըստ ամենայնի ուղղված է միջնորդական հավակնություն կամ դեր ունեցող մյուս կողմերին՝ ստացված ազդակներին աջակցելու ակնկալիքով: Կասկած չկա, որ այդ տրամադրվածության պարագայում, Ալիևի համար նաև բավականին բարդ կլինի «կտրել» շղթան: Ամբողջ հարցն այն է, թե այլ դերակատարներ ունե՞ն Ռուսաստանի ջանքով կառուցվող շղթան շարունակելու, թե՞ հենց «կտրելու» ցանկություն ու շահագրգռություն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական դիմակայության լայնաճակատ ռեժիմը: