Չինաստանում 1 օրում COVID-19-ով ախտահարման ռեկորդային թվով դեպքեր են հայտնաբերել

Չինաստանում 1 օրում COVID-19-ով ախտահարման ռեկորդային թվով դեպքեր են հայտնաբերել

Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով ախտահարման ավելի քան 31 հազար դեպք, իշխանությունները շարունակում են խստացնել հիվանդության դեմ պայքարի միջոցները: Այս մասին տեղեկանում է Associated Press գործակալությունից: Ըստ Չինաստանի Ազգային առողջապահական հանձնաժողովի տվյալների՝ վերջին 24 ժամում երկրում հայտնաբերվել Է կորոնավիրուսով հիվանդացության 31 444 դեպք, ինչը 1 օրում հիվանդության դեպքերի ամենամեծ թիվն է 2019 թ.-ի վերջին Ուհանում վիրուսի հայտնաբերման պահից ի վեր: Այսօրվանից սկսած՝ Հենանի նահանգի Չժենչժոու քաղաքում, որն ունի 6.6 միլիոն բնակչություն, մարդիկ հինգ օր շարունակ կկարողանան տնից դուրս գալ միայն ուտելիք գնելու կամ բուժօգնություն ստանալու համար: Ողջ քաղաքում ամեն օր զանգվածային թեստավորում է անցկացվելու: Գուանչժոու քաղաքում բիզնեսները և բնակելի համայնքները տարբեր տեսակի լոքդաունների և սահմանափակումների են ենթարկվել: Նոյեմբերի 21-ից Գուանչժոուի իշխանությունները փակել են Բայյունի շրջանը, որտեղ ապրում Է շուրջ 3,7 մլն մարդ, իսկ 11 միլիոն բնակչություն ունեցող Շիցզյաչժուան քաղաքի առանձին շրջանների բնակիչների խնդրել են չհեռանալ տնից, մինչ զանգվածային թեստավորումներ են անցկացվում: Պեկինում COVID-19-ով հիվանդների համար հիվանդանոց են բացել ցուցահանդեսային կենտրոնում: Նաև արգելվել Է մուտքը Պեկինի միջազգային հետազոտությունների համալսարան այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել Է կորոնավիրուսով հիվանդացության դեպք: Քաղաքում փակել են մի քանի առևտրի կենտրոններ և գրասենյակային շենքեր: Չինաստանը COVID-19-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է վարում: Չինաստանի սահմանները մեծամասամբ փակ են, սակայն կառավարությունը հեշտացրել է երկրից դուրս գալու և երկիր մտնելու գործընթացն այն օտարերկրացիների համար, որոնք աշխատում են Չինաստանում գտնվող արտասահմանյան ընկերություններում: Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բնակչության 92 %-ը: Նրանց մեծ մասը ստացել է պատվաստանյութի առնվազն 1 դեղաչափ: