ԱՄՆ-ն մտահոգված է Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում լարվածության աճով

ԱՄՆ-ն մտահոգված է Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում լարվածության աճով

Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում վերջին օրերի լարվածությունը կարող է սպառնալիք հանդիսանալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ համաշխարհային կոալիցիայի բազմամյա պայքարի համար: Այս մասին, հաղորդագրություն է տարածել Պենտագոնի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը: «Պաշտպանության նախարարությունը խորապես մտահոգված է Սիրիայի, Իրաքի հյուսիսում և Թուրքիայում լարվածության աճով։ Այս էսկալացիան սպառնում է «Իսլամական պետությանը» թուլացնելու և հաղթելու համաշխարհային կոալիցիայի» բազմամյա առաջընթացին: Սիրիայում վերջին ավիահարվածներն ուղղակիորեն սպառնացել են ԱՄՆ անձնակազմի անվտանգությանը, ովքեր Սիրիայում աշխատում են տեղի գործընկերների հետ՝ ԻՊ-ին հաղթելու և ԻՊ-ի՝ ավելի քան տասը հազար կալանավորների հսկողության տակ պահելու համար», - նշված է Պենտագոնի տարածած հաղորդագրությունում: Գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել Իրաքին հարվածների առնչությամբ: «Չհամակարգված ռազմական գործողությունները սպառնում են Իրաքի ինքնիշխանությանը։ Հարկավոր է անհապաղ ապաէսկալացիա՝ կենտրոնացումը ԻՊ-ի ջախջախման առաքելության վրա պահելու և տեղում անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար», - գրված է հաղորդագրությունում: Պենտագոնը նաև դատապարտել է ռազմական գործողությունների հետևանքով «և՛ Թուրքիայում, և՛ Սիրիայում քաղաքացիական անձանց մահը»: ԱՄՆ ռազմական գերատեսչությունը միևնույն ժամանակ կիսել է Թուրքիայի մտավախությունները՝ կապված իր անվտանգության հետ: «Մեզ նաև անհանգստացնում են քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման մասին հաղորդումները։ Մենք ապաէսկալացման կոչ ենք անում՝ միևնույն ժամանակ ընդունելով Թուրքիայի օրինական մտահոգությունները անվտանգության ոլորտում: Մենք կշարունակենք հրադադարի պայմանավորվածությունների պահպանումը քննարկել Թուրքիայի և մեր տեղի գործընկերների հետ», - գրված է հաղորդագրության տեքստում: