Հայաստանի ստորագրած կարևորագույն փաստաթուղթը, և աշխարհը 5 տարի անց

Հայաստանի ստորագրած կարևորագույն փաստաթուղթը, և աշխարհը 5 տարի անց

Հինգ տարի առաջ՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի ու Եվրամիության միջև համապարփակ գործակցության ծրագիրը, որը վավերացվեց և լիարժեք ուժի մեջ մտավ 2022 թվականի մարտից: Ծրագիրը մասնակիորեն սկսել էր գործել մինչ այդ էլ: Հնգամյա վաղեմության իրադարձությունը կարևոր է դիտարկել քաղաքական խորքային իրողությունների համատեքստում, հասկանալու համար, թե ինչպիսի հեռանկար կարող է ունենալ այդ համաձայնագիրը՝ դարձյալ ելնելով այն հիմնարար փոփոխություններից, որ աշխարհաքաղաքական միջավայրում տեղի են ունենում այսօր: 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված փաստաթուղթը 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստան-ԵՄ հարաբերության որոշակի ճգնաժամային իրողությունների հաղթահարման բարդ գործընթացի արդյունք էր, որտեղ ի դեպ իր դերն ունեցավ նաև Ֆրանսիան՝ ի դեմս հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի: 2014  թվականին հենց նրա հայաստանյան այցից հետո սկզբնավորվեց նոր բանակցությունն ու դրվեց համապարփակ համաձայնագրի հիմքը: Իհարկե այդ համաձայնագիրն իր քաղաքական կարգավիճակով ու բնույթով ամենևին այն չէր, ինչ լինելու էր 2013-ի սեպտեմբերի 3-ին տապալված Ասոցացման համաձայնագիրը, որ Հայաստանը պատրաստվում էր նախաստորագրել 2013-ի նոյեմբերին, բայց հաշվի առնելով արդեն 2013-14 թվականների ռուս-ուկրաինական իրողությունները, դրանց ազդեցությունը ընդհանրապես միջազգային հարաբերությունների, այդ թվում կովկասյան ռեգիոնի վրա, նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմն ու դրան հաջորդած քննարկումները, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ստանում էր իհարկե քաղաքական կարևոր նշանակություն: Անցնող հնգամյակում սակայն, հիմնավորապես փոխվեց այն միջավայրը, որ կա թե աշխարհում, թե մասնավորապես այդ համաձայնագրի շուրջ: Նախ եղավ Հայաստանում թավշյա հեղափոխությունը, որն իհարկե ժողովրդավարական հեռանկարի առումով կարծես թե էլ ավելի ամրացնելով Հայաստան-ԵՄ հետագա աշխատանքի հիմքը, ինքը բախվեց աշխարհաքաղաքական լրջագույն տրանսֆորմացիաների, այդ թվում 2020 թվականի դաժան պատերազմի, որի ոչ պակաս  բարդ ու մարտահրավերներով լեցուն «մետաստազը» շարունակվում է առ այսօր: Միևնույն ժամանակ, այսօր արդեն ուկրաինական պատերազմի մարտահրավերին է բախվել Եվրամիությունն ինքը: Ընդ որում, դա մարտահրավեր է, որը հիմնավորապես կարող է փոխել Եվրամիության ներքին հարաբերություններն ու անվտանգության արտաքին ճարտարապետությունը: Այդ պայմաններում, իր քաղաքական արժեքի ու նշանակության տրանսֆորմացիայի անխուսափելի շրջափուլն է ապրում նաև Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագիրը, ինչը բնականաբար առաջացնում է ռիսկ նաև այն առումով, որ կողմերը կարող են կորցնել դրա հանդեպ որոշակի հետաքրքրությունը թեկուզ զուտ «անվանական» իմաստով: Այդ մարտահրավերին պետք է կարողանա արդյունավետ «հակազդել» քաղաքացիական հանրությունը, այդ թվում եվրոպական, թույլ չտալով փաստաթղթի հանդեպ ուշադրության, հետևաբար նաև պատասխանատվության անկում: