Ալիևի ապատեղեկատվությունն ու Էրդողանի առաջարկը Փաշինյանին

Ալիևի ապատեղեկատվությունն ու Էրդողանի առաջարկը Փաշինյանին

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը, թե հայկական զինուժը սեպտեմբերի 22-ի երեկոյան և գիշերը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ հայտնել է, որ դա չի համապատասխանում իրականությանը և հայկական զինուժը պահպանել է հրադադարը: Ադրբեջանցիների տարածած ապատեղեկատվությունը տալիս է մտորումների տեղիք, հատկապես հաշվի առնելով այն, որ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայից առաջ էլ Բաքուն տարածում էր ապատեղեկատվություն, թե իբր հայկական ուժերը կրակել են իրենց դիրքերի ուղղությամբ: Այդ կերպ Ադրբեջանը նախապատրաստում էր իր ագրեսիան, իբրև թե հայկական ուժերի գործողություններին պատասխանելու նպատակով: Այժմ էլ ադրբեջանական կողմը սկսում է ապատեղեկատվության տարածում, ինչը կամ ունի նույն նպատակը՝ նոր գրոհի քարոզչական նախապատրաստում, կամ պարզապես նպատակ ունի հակակշռել հայկական կողմի տարածած այն տեղեկությանը, որ սեպտեմբերի 21-ի երեկոյան և 23-ի առավոտյան ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարը և լռել միայն հայկական կողմի պատասխան գործողությունից հետո: Բոլոր դեպքերում, ադրբեջանական ապատեղեկատվությունը մտահոգիչ է, հատկապես, որ դա «զուգորդվում» է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությամբ, որն ուղղված է դեսպանատան աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին, հորդորում է չայցելել Վայոց Ձորի, Սյունիքի մարզեր, Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հատված, նաև Տավուշի սահմանամերձ գոտի՝ լարվածության վտանգների պատճառով: ԱՄՆ դեսպանատան համար սա իհարկե պրոֆիլակտիկ գործողություն է, որը սակայն մշտապես առաջացնում է անհանգստություն Հայաստանի քաղաքացիների շրջանում, թեև անգամ այդ հաղորդագրության բացակայության դեպքում, միանգամայն պարզ է, որ սահմանին լարվածությունը և բռնկման վտանգը պահպանվում է և այդ մասին ոչ թե որևէ դեսպանատան հաղորդագրություն է խոսում, այլ խոսում է Հայաստանի վարչապետը ՄԱԿ ԳԱ ամբիոնից: Սրան զուգահեռ, ՄԱԿ ԳԱ շրջանակում հնչել է և մի խոսքը: Թուրքիայի նախագահ Էրդողանը անդրադառնալով Կովկասին նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Կովկասում խաղաղության ուղղությամբ, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությամբ: Էրդողանն այդ համատեքստում հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում կարող է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պրահայում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության առաջին Վեհաժողովը, որին հրավիրված են նաև Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը: Պաշտոնական Երևանը արձագանքելով այդ հայտարարությանը նշել է, թե չի բացառվում այդպիսի հանդիպում, սակայն դրա մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն այս պահին գոյություն չունի: Էրդողանը նաև հայտարարել էր, թե «իր եղբայր» Ալիևի հետ քննարկում են իրավիճակն ու Թուրքիան մշակում է քայլեր, ուղղված Կովկասի խաղաղությանը: Ի՞նչ քայլերի մասին է խոսքն ու արդյո՞ք «եղբայր Ալիևի» հետ քննարկումների արդյունքում որոշվել է որոշակի ճնշում գործադրել Երևանի վրա՝ Պրահայի հանդիպման համար: Բայց, չէ՞ որ այդ ճնշումը կարող է միայն խաթարել հանդիպումը, ինչպես օրինակ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան խաթարեց հանդիպումը Սամարղանդում: Սեպտեմբերի 16-ին Շանհայի գործակցության կազմակերպության Վեհաժողովի շրջանակում ևս սպասվում էր Փաշինյան-Էրդողան հանդիպում, բայց Հայաստանի վարչապետը ադրբեջանական ագրեսիայի պատճառով չեղարկեց այցը Սամարղանդ: Եթե Էրդողանը շահագրգռված է Հայաստանի վարչապետի հետ շփումով, ապա պետք է որ անի առավելագույնը՝ մինչև Պրահայի Վեհաժողով ռեգիոնալ կայունությունը պահպանելու համար, որովհետև որևէ նոր լարվածության պայմաններում անհնարին է պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը համաձայնի հանդիպել Էրդողանին: Ադրբեջանը կգնա նոր լարվածության, եթե Էրդողանը չունի այդպիսի հանդիպման նպատակ և փորձելու է ստեղծել իրավիճակ, որ Հայաստանի վարչապետը հրաժարվի հաանդիպումից: Այստեղ էական է, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ, որի պետքարտուղար Բլինքենը Նյու Յորքում հանդիպել էր Հայաստանի վարչապետի հետ: ԱՄՆ կարո՞ղ է երաշխավորել, որ Ալիևը չի գնա նոր սրացման: Դատելով ԱՄՆ դեսպանության հայտարարությունից, այդ առնչությամբ առաջանում են հիմնավոր կասկածներ: Իսկ կնշանակի՞ դա արդյոք, որ ուկրաինական ուղղությամբ ռուսական մոբիլիզացիայի քայլին կարող է պատասխան լինել Կովկասի ուղղությամբ ապակայունացմամբ Ռուսաստանին «երկրորդ ճակատի» ռիսկի նոր ալիքի առաջ դնելը: Հարցերը շատ են և բարդ: