Շարունակվող անորոշությունն ազդելու է ՏԻՄ ընտրությունների վրա

Շարունակվող անորոշությունն ազդելու է ՏԻՄ ընտրությունների վրա

Կիրակի օրը Հայաստանի մի շարք համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ, սակայն Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ թեկնածուներ դադարեցրել են քարոզարշավը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ օրենքը թույլ չի տալիս հետաձգել ՏԻՄ ընտրությունները. «Հետաձգելու միակ եղանակը  ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելն է, բայց նման քայլի գնալը հղի է այլ հետևանքներով, որոնք կապ չունեն ներքաղաքական կյանքի հետ: Դրա համար մենք որոշում ենք կայացրել, որ ավելի կարևոր անելիքներ կան և մեր ուժերը կենտրոնացրել ենք արտաքին մարտահրավերների վրա»,-ասաց նա: Հարցին, թե այս իրավիճակում վտանգ չկա, որ իշխող թիմի թեկնածուներն այդ համայնքներում հաջողություն չեն ունենա, նա պատասխանեց. «Բնականաբար, հաշվի առնելով, որ քարոզարշավներ չեն ընթանում, թեկնածուները չեն հասցնում իրենց ծրագրերը ներկայացնել քաղաքացիներին, մտահոգություններ կան մասնակցայնության հետ կապված: Բայց հիմա պատկերը սա է և մենք, ըստ էության, պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ: Ինչ պատկեր ունենք, այդ պատկերով էլ ընտրությունները տեղի կունենան: Ընտրությունների համար որևէ արհեստական բան չի պատրաստվում անել իշխանությունը: Ես էլ պետք է կոչ անեմ մեր քաղաքացիներին, որ ամեն դեպքում մասնակցեն ընտրություններին, որովհետև նաև մեր թշնամիների ցանկությունն է, որ մարդիկ հուսալքվեն, չմասնակցեն իրենց համայնքների կառավարմանը: Ընտրություններն ուղիղ կապ ունեն համայնքների զարգացման, ես կոչ կանեմ, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին»: Նույն խնդրին անդրադարձավ նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով. «Ակնհայտ է, որ պատերազմը չի կարող դրական անդրադառնալ ընտրությունների, կամ առհասարակ որևէ ժողովրդավարական գործընթացի վրա: Իսկ թե ինչքանով կանդրադառնա, ես կդժվարանամ կանխատեսել, որովհետև այս անգամ մեր կողմից իրականացվող դիտորդական առաքելության սպեցիֆիկան մի փոքր այլ է լինելու: Սպեցիֆիկան այն է, որ պետք է նաև գնահատենք հենց այն, թե որքանով են ռազմական գործողությունները և շարունակվող անորոշությունն ու առկա իրավիճակը ազդել ու ազդում ընտրությունների վրա»: Նա հավաստիացրեց, որ իրենց կազմակերպություն այս անգամ ևս դիտորդական առաքելություն է իրականացնում. «Բոլոր հիմնական համայնքներում անում ենք, առավել կենտրոնացած են տարբեր ուղղություններով, մասնավորապես, Սիսիան, Քաջարան»: Նշենք, որ հայաստանյան օրենսդրությամբ ընտրություններին մասնակցության նվազագույն շեմ չկա, այսինքն որքան էլ քիչ լինի մասնակցությունը, ընտրությունները համարվելու են կայացած: