Բաքուն Մոսկվայի ականջին լապշա է կախում, բայց Հայաստանի դեմ ագրեսիայով երկրորդ ճակատ բացում ՌԴ-ի դեմ․ Նորատ Տեր-Գրիգորյանց
10:00 | 2022-09-23
Ռուսաստանում բնակվող ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է կամաց-կամաց , գյուղ առ գյուղ գրավել Հայաստանի տարածքները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տեր-Գրիգորյանցն ասաց, որ Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի պատասխանել ադրբեջանական ագրեսիային ու սադրանքներին։
«ՀԱՊԿ-ը մանր բան է, մենք պետք է շեշտը դնենք հայ-ռուսական երկկողմ համագործակցության պայմանագրի վրա։ ՀԱՊԿ-ը երկրորդ ուղղությունն է։Երբ ես ստեղծում էի ռուսական ռազմաբազա, մենք համապատասխան երկկողմ պայմանագիր ստորագրեցինք, որ Հայաստանի վրա հարձակումը համարվում է հարձակում Ռուսաստանի վրա։ ՀԱՊԿ-ն ասում է՝ դրանք սահմանային վեճեր են, բայց դա այդպես չէ։ Վերջերս ռուսական գեներալիտետն եկավ ձեր սահմանին աշխատանքներ իրականացրեց։ Մենք այստեղ կամա թե ակամա ստիպեցինք նրանց, որ այդ քայլն անեն։ Իրենք նայեցին մեր ելույթները ու հասկացան, թե ինչ վատ բաներ են կատարվում սահմանին։ Ալիևը բղավում է՝ Սևանն իմն է, Երևանն իմն է, իսկ Հայաստանից համապատասխան արձագանք չի լինում։ Ես դա սխալ եմ համարում։ Ադրբեջանը դրսում փորձում է կարծիք ձևավորել, թե Հայաստանն է մեղավոր։ Իրենց կողմից վճարվող ԶԼՄ-ներն էլ դա տարածում են աշխարհով մեկ, իսկ հայերն ինչպե՞ս են հակազդում, ոչ մի ձև»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գեներալը։
Հետաքրքրվեցինք՝ Հայաստանը կարո՞ղ է այս փուլում Ռուսաստանի աջակցության վրա հույս դնել, այն դեպքում, երբ Ռուսաստանն ինքն էլ ծանր վիճակում է և նույնիսկ երկրում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել, Տեր-Գրիգորյանցն ասաց․ «Հարցն այն է, որ Ադրբեջանը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ է բացում, որ Ռուսաստանը թուլանա ուկրաինական ուղղությամբ։ Ռուսաստանի ուժերն այնտեղ չեն բավարարում, դրա համար մոբիլիզացիա է հայտարարում։ Ադրբեջանը սկզբում ժպտում է, Ռուսաստանի ականջներին լապշա կախում, իսկ իրականում Թուրքիայի հետ միասին ագրեսիայի դիմելով Հայաստանի դեմ այստեղ երկրորդ ճակատ բացում։ Ես ասել եմ՝ եթե Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, ապա պետք է ամենաբարձր ձևով զինված լինի ու պատրաստված, լինի բարձր մարտունակության դիրքում ու կարողանա ինքնուրույն պաշտպանվել»։
Նորատ Տեր-Գրիգորյանցը համարում է, որ Հայաստանում պետք է հայտարարվեր ռազմական դրություն։ Մեր զրուցակիցը նշում է, որ դեռ նախկին Պաշտպանության նախարար Տոնոյանի օրոք է փորձել իր ծառայություններն առաջարկել, սակայն նրան չեն ընդունել․ «Սահմանային զորքեր ստեղծել եմ, բազան հիմնել եմ։ Ազատագրեցինք ղարաբաղը, թույլ չտվեցինք հարձակվել Երևանի վրա, հիմա ինչու՞ է մեր նկատմամբ այդպիսի վերաբերմունք»;
Նրա խոսքերով՝ պետք է բանակի մարտունակությունը հզորացնել, ինչքան հնարավոր է շատ զինվել և վերջ դնել ներքին խարդավանքներին․ «Ես եկա ուզեցի օգնել, բայց իրենք չուզեցին, դե ինչ արած, թող շարունակեն այս բարդակը։ Գլխավոր շտաբը պետք է լինի վարչապետի ուղեղը, բայց ես նման բան չեմ տեսնում։Օրինակ վերցրեք այլ երկրներից ընկերներ, չի կարելի այդքան ինքնավստահ լինել»։
Գեներալը նշում է, որ դեռ վաղուց է ասել՝ քանի դեռ Պուտինն իշխանության է, Ուկրաինայի, Բեռալուսի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի ղեկավարները պետք է հավաքվեն ու սահմանները որոշեն։ Ըստ մեր զրուցակցի՝ բոլշևիկների կողմից մատիտով գծած սահմանները ճիշտ չէին, դրա համար էլ տարբեր հետխորհրդային երկրների միջև հիմա պատերազմ է ընթանում․ «Ես կրկնում եմ՝ Հայաստան պետք է շեշտը դնի ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ երկկողմ պայմանավորվածությունների վրա։ Ես ժամանակին ասել եմ՝ եթե ՀԱՊԿ-ը ձեր նկատմամբ վատ է վերաբերում, դուք այդպես մի արեք, ավելի մեծահոգի եղեք։ Լավ է, որ Ղազախստանի ժամանակ այդպես արեցինք, նույնը պետք է անենք, երբ Լուգանսկի ու Դոնեցկի վրա են հարձակվում։ Փոխարենը սակայն տեսնում եմ, որ դեսպանատան դիմաց մարդիկ պահանջում են ռուսական ռազմաբազան հանել։ Եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի, մի օրից Երևան չի լինի։Դադարեցրե՛ք նման հայտարարություններ անել ու գործով զբաղվեք»,-եզրափակեց նա։