Վրաստանում սկսել են հասկանալ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը  սպառնում է  նաև իրենց

Վրաստանում սկսել են հասկանալ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնում է նաև իրենց

«Սամցխե-Ջավախքի մեդիա» վերլուծական կենտրոնի տնօրեն,  հասարակական գործիչ Էդուարդ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով  այս տեսանյութը, որը նկարված է Իրանում,  հարցադրում է արել՝  Վրաստանում ի՞նչ են մտածում Ադրբեջանի ու ադրբեջանցիների՝ տարածաշրջանում այսպիսի պահվածքի վերաբերյալ։ Միթե չեն տեսնում ու չեն մտահոգվում, թե ինչ է կատարվում ընդդեմ Հայաստանի ու Իրանի։ Արդյոք ադրբեջանցիների հաջորդ ծրագիրը Վրաստանում իրավիճակն ապակայունացնելը չէ։ Պարոն Այվազյանը «Առաջին լրատվական»-ին տրամարդեց մի քանի լուսանկար, որտեղ պարզ երևում է,  որ ադրբեջանցիները տարածքային հավակնություններ ունեն նաև Վրաստանի հետ կապված։ Մեզ հետ զրույցում Էդուարդ Այվազյանը հիշեցրեց, թե ինչ տեղի ունեցավ Դավիդ Գարեջիի վանական համալիրի հետ, երբ Ադրբեջանը փաստացի Վրաստանի ձեռքից խլեց հին վրացական մենաստանը, որն ասում է իբրև ալբանական է ու իրենցն է եղել․ «Դրանից բացի՝ կողքին էլ մեծ ռազմական բազա հիմնեց որպեսզի Վրաստանը չկարողանա ոչ մի ձևով հակազդի։ Շատ հաճախ Վրաստանի հոգևորականներին թույլ չեն տալիս գնալ Դավիդ Գարեջիի  վանական համալիր»։ Մեր զրուցակիցը պատմեց, որ Վրաստանում ադրբեջանական համայնքը վերջերս  շատ լկտի է իրեն պահում, տարբեր հարցեր ու պահանջներ  բարձրացնում թուրքաբնակ Մառնեուլիի շրջանում․ «Առայժմ անջատողական դրսևորումներ չկան, բայց վտանգը կա։Պահանջներից բացի, մենք անցած տարի տեսանք, որ վրացիների ու ադրբեջանցիների միջև բախումներ էլ եղան, որն ընդամենը խանդի հետ կապված կենցաղային մի հարց էր, բայց հարյուրավոր մարդիկ դուրս եկան ու մեծ անհանգստություններ պատճառեցին տեղի բնակիչներին՝ անհնազանդության ակցիաներ, որտեղ մարդիկ մահակներով էին»։ Էդուարդ Այվազյանը կարծում է, որ նման հարցերը բարձրացնելով  կկարողանան հասնել նրան, որ Վրաստանի իշխանություններն էլ տեսնեն, թե ինչ նպատակներ կարող են ունենալ ադրբեջանցիները․ «Ի դեպ ադրբեջանցիներն այստեղ գործում են Ադրբեջանի իշխանությունների ուղիղ հրահանգով։ Այստեղ շատ մեծ ազդեցություն ունի SOCAR-ը, մեծ ֆինանսական հոսքեր կան։ Իրենց կենտրոններով, սպորտ-կոմպլեքսներով ամեն հարմարություն ստեղծել են, որպեսզի ադրբեջանական համայնքն ակտիվանա ու  ինչ-որ հարցեր կարողանա բարձրացնել։ Նույնիսկ քաղաքականության մեջ  իրենք շատ մեծ դերակատարություն ունեն»։ Այվազյանը գտնում է, որ նույն վտանգները կան նաև Թուրքիայի հետ կապված․ «Հիշեցնեմ, որ դեռ անցած տարի ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ, որտեղ Էրդողանը  Վրաստանի հետ կապված  տարածքային պահանջներ էր առաջ քաշում։ Ախալցխան, որտեղ մենք հիմա ապրում ենք, իրենք համարում են, որ եղել է թուրքական։Մեծ հավաքի ժամանակ Էրդողանը բանաստեղծություն է ընթերցում՝ ասելով, որ իրենք մի օր գալու են իրենց երազանքների քաղաք։ Ասում են՝ դուք սպասեք, մենք կգանք։ Տեղյակ եք նաև Բաթումիի մասով ունեն հավակնություններ։ Այստեղ միլիոնավոր դոլարի ներդրումներ են արել և Էրդողանը ևս բազմիցս հայտարարել է, որ Բաթումին իրենցն է։ Իրենք, սակայն, նման հայտարարություններ են անում, հետո փորձում մի փոքր շտկել իրավիճակը։Երբ հանդիպում են Վրաստանի իշխանությունների հետ՝ մի փոքր այլ ձևակերպումներ են տալիս, բայց  հստակ է, որ իրենց մտքում դա կա»։ Մեր զրուցակիցը  ցավով է նշում, որ դեռ 90-ականներից իշխանությունների վարած սխալ քաղաքականության հետրևանքով Վրաստանում Արցախն ինչ-որ չափով փորձել են համեմատել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ ինչի պատճառով չկար շատ լուրջ գիտակցում Վրաստանում, որ իր բարեկամը քրիստոնյա Հայաստանն է, ոչ թե Թուրքիան ու Ադրբեջանը․ «Ադրբեջանցիներն էլ փորձել են համոզել, թե հայերը Ջավախքում կանեն նույն, ինչ արել են Արցախում։ Այդ հակահայկական տրամադրությունները լայնորեն տարածվել են Վրաստանում, իսկ ՀՀ իշխանությունները դրան չեն փորձել հակազդել։Այնպես է ստացվել, որ հանրության մոտ հակահայկական դրսևորումները մեծ ծավալներ են ստացել»։ Ըստ Այվազյանի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ՀՀ իշխանությունները փորձել են սերտացնել իրենց հարաբերությունները Վրաստանի հետ, դրա  շնորհիվ՝  Վրաստանի իշխանությունների գիտակցումը մի փոքր փոխվել է։ Իրենք էլ՝ Դավիդ Գարեջիի դեպքերից, Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումից  հետո համոզվեցին, որ Ադրբեջանը պրոռուսական դրևսրումներ ունի։ Մի փոքր բարդ է այդ ամենը գնահատելը, բայց կարող եմ ասել, որ երբ ՀՀ իշխանությունները փորձեցին սերտացնել հարաբերությունները, վրացական իշխանությունների մոտ փոխվել է մոտեցումը։ Սակայն ցավոք սրտի հանրության մոտ այդ տենդենցը չկա։ Բայց իրենք էլ սկսել են հասկանալ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնում է նաև իրենց։Այս ամենի հետ մեկտեղ, ցավոք, Վրաստանի տնտեսությունը չափազանց մեծ կախվածությունից ունի SOCAR-ից։ Քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններ չկան, ամեն ինչ տեղի է ունենում Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով, ինչի հետևանքով էլ այդ պետություններից կախվածությունը մեծանում է»,-եզրափակեց նա։