Նախագահ Մակրոնի խորհրդավոր լռությունը

Նախագահ Մակրոնի խորհրդավոր լռությունը

«Սուրմալու»-ի տոնավաճառի ողբերգական պայթյունի կապակցությամբ Հայաստանի վարչապետն ու նախագահը ստանում են տարբեր երկրների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների ցավակցական հեռագրեր: Օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը խլեց մոտ երկու տասնյակ մարդու կյանք: Օգոստոսի 17-18-ին Հայաստանում պաշտոնապես հայտարարվեց Սուգ: Ստացվող ցավակցական հեռագրերի շարքում նկատելի է մի բացակայություն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռագրի բացակայությունը: Իհարկե, ցավակցություն է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարարությունը, սակայն այդ ամենով հանդերձ նկատելի է հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ իր առանձնահատուկ ջերմ վերաբերմունքը մշտապես արտահայտող, միաժամանակ նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության հանդեպ ջերմ ու բարյացկամ վերաբերմունքով աչքի ընկնող Ֆրանսիայի նախագահի ցավակցական հեռագրի բացակայությունը, գոնե առայժմ: Ինչու՞ է լռում Էմանուել Մակրոնը: Այդ հարցի առանցքում իհարկե լոկ ողբերգական պատահարի առիթով ցավակցության բացակայությունը չէ: Ֆրանսիայի նախագահի այդ լռությունը ուշադրության է արժանանում վերջին ամիսներին նրա նկատելի «քաղաքական լռության» պայմաններում: Ֆրանսիայի նախագահը աշխուժություն ցուցաբերեց 2022-ի մարտին, երբ Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ մեկտեղ մարտի առաջին օրերին նախաձեռնեց տեսաքննարկում իր, Միշելի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Այդ օրերին Ֆրանսիայի նախագահը բավականին աշխույժ էր նաև փետրվարի 24-ին սկսված ուկրաինական պատերազմի «դիվանագիտական ճակատում»՝ պատերազմը կանգնեցնելու համար: Մարտի 9-ին Էմանուել Մակրոնի հրավերով եղավ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա, որտեղ բացի հանդիպումից, Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները մասնակցեցին նաև հայ-ֆրանսիական գործընկերության համաժողովի բացմանը: Այդ ընթացքում Էմանուել Մակրոնը զբաղված էր նաև իր նախագահական արշավով, որը ապրիլին ավարտեց հաջողությամբ: Մարտյան աշխուժությունից հետո նկատելի է Ֆրանսիայի, և մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դիվանագիտական պասիվություն-լռությունը, անգամ անցնող շաբաթների շրջափուլում, երբ կովկասյան ռեգիոնը հայտնվեց ինտենսիվ դիվանագիտական-քաղաքական խոսքերի շրջափուլում: Ահա այդ ֆոնին էլ առավել նկատելի է դառնում մշտապես ջերմ հռետորաբանությամբ աչքի ընկնող Ֆրանսիայի նախագահի ցավակցական հեռագրի բացակայությունը, առաջացնելով հարց-մտահոգություն, թե արդյո՞ք կա ավելի խորքային խնդիր, կապված փոխադարձ վստահության հետ: Իհարկե, պետք է թերևս նկատել նաև, որ Ֆրանսիայի նախագահը գոնե առերևույթ բավականին զուսպ գործունեության ռեժիմում է նաև ուկրաինական իրադարձությունների, այդ համատեքստում եվրոպական և միջազգային այլ խնդիրների համատեքստում, և գուցե խոսքը նրա այսպես ասած մարտավարական հարաբերական դադարի մասին է: Բոլոր դեպքերում, հաշվի առնելով Հայաստան-Ֆրանսիա «առանձնաշնորհյալ հարաբերությունը», ինչի մասին պարբերաբար հիշատակում է Երևանը տարբեր առիթներով, առաջանում են հարցեր նկատելի լռության կապակցությամբ, այդ կերպ նաև որոշակի մտահոգություն՝ հայ-ֆրանսիական կարևոր հարաբերության դինամիկայի առնչությամբ:  Ըստ երևույթին լռությունը խախտելու ժամանակն է, իհարկե ոչ պարզապես խախտելու համար, և խոշոր հաշվով նաև ոչ բառի ուղիղ իմաստով, այլ գործնական, բովանդակային՝ հայ-ֆրանսիական հարաբերության բովանդակային վերափոխման խնդիրն ի վերջո ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունների տրամաբանությունից բխող կարիքներին ներդաշնակեցնելու համար: