Մեծ ռևանշի ժամանակը․ Հաղթել Մադրիդի «Ռեալին» հաղթած մրցակցին․․․

Մեծ ռևանշի ժամանակը․ Հաղթել Մադրիդի «Ռեալին» հաղթած մրցակցին․․․

Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» օգոստոսի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ։ Մեր ակումբային ֆուտբոլի պատմության մեջ 4-րդ անգամ հայկական թիմը ելույթ կունենա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։ Նախորդ 3 դեպքերում մեր թիմերը ձախողվել են։ 2019 թվականին «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11 մետրանոցներով զիջեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։ Մեկ տարի անց նույն «Արարատ-Արմենիան» 2։1 հաշվով պարտվեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։ Եվ վերջապես, անցյալ տարի Երևանի «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքում 1։0 հաշվով դիմակայությունը տանուլ տվեց Շոտլանդիայի չեմպիոն «Ռեյջերսին»։ Ի դեպ, անցյալ տարի «Ալաշկերտը» մրցել էր նաև «Շերիֆի» հետ։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը Երևանում 0։1 հաշվով պարտվելուց հետո, Մոլդովայում զիջել էր արդեն 3։1 հաշվով։ Նախորդ մրցաշրջանում «Շերիֆը» սենսացիա մատուցելով դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, որտեղ Մադրիդում հաղթել էր նաև մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալին»։ Այս տարի Չեմպիոնների լիգայում գրանցած արդյունքը վկայում է, որ մոլդովական ակումբը որոշակի անկում է ապրել։ Թիմից հեռացել է ուկրաինացի մասնագետ Յուրի Վերնիդուբը, որին համարում են պատմական հաջողության «դիրիժորը»։ Վերնիդուբը կամավոր մեկնել է Ուկրաինա և մասնակցում է պատերազմին։ Ինչևէ, Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» երկու հանդիպումների արդյունքում 0։7 հաշվով զիջեց «Ցրվենա Զվեզդային»։ Երևանում կայացած պատասխան խաղում մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ասպարեզ էր դուրս բերել ոչ մարտական կազմը ինչը միանգամայն ճիշտ որոշում էր։ Ինչպես նշել էինք, սերբական թիմի դեմ պատասխան հանդիպումը պետք է «Շերիֆի» դեմ դիմակայության նախապատրաստական հանգրվան լինի։ Ողջունելի է, որ Եղիշե Մելիքյանը նման մոտեցում ցուցաբերեց։ «Հաշիվը չի համապատասխանում: 0:2-ի խաղ չէր, բայց սա մեզ մեծ փորձ տվեց: Հասկանում եմ, որ մենք ֆավորիտ չէինք, բայց արժանի էլ չէինք նման հաշվով պարտության: Շնորհակալ եմ տղաներին: Մեր թիմն խաղաց գրագետ ֆուտբոլ, ուղղակի մենք պատրաստ չէինք: Մենք նաև VAR-ի փորձ չունեինք, արդեն դասեր կքաղենք: Ամեն ինչ չէ, որ կարող ենք խոսել, քանի որ մեր ներքին խոհանոցն է, բայց Փյունիկն ունի թիմային ոգի ու համոզված եմ, որ մենք ունենք ապագա ու պատրաստ կլինենք առաջիկա խաղերին ավելի լուրջ:Մենք արդեն վերլուծել ենք «Շերիֆին»: Մեզ համար լուրջ թիմ է ու պետք է աշխատենք այնպես, որ մենք էլ իրենց համար լուրջ թիմ լինենք: Դժվար կլինի, բայց ռեալ է «Շերիֆի» դեմ պայքարել»,- «Ցրվենա Զվեզդայի» դեմ հանդիպումից հետո ասել էր Մելիքյանը։ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Շերիֆը» թե տանը և թե հյորընկալվելիս նույն 1։2 հաշվով զիջել էր Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային»։ Նշենք, որ «Շերիֆը» եվրագավաթների խաղարկություններում բազմիցս է մրցել հայկական թիմերի հետ։ Մերոնց երբևէ չի հաջողվել հաղթահարել մոլդովական արգելքը։ Եկել է ժամանակը մեծ ռևանշի։ Ինչ խնդիր պետք է լուծի Եղիշե Մելիքյանն ու «Փյունիկի» ֆուտբոլիստներն առաջիկա դիմակայությունում։ «Փյունիկը» պետք է անի հնարավորինն ու անհնարինը 4-րդ փորձից իսկապես պատմական հաջողություն գրանցելու։ Եվրոպա լիգայի խմբային փուլում խաղալը մեր ակումբային ֆուտբոլի համար կլինի մեծ նվաճում։ Հիշեցնենք, որ անցյալ տարի «Ալաշկերտը» ելույթ ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում, որտեղ կարողացավ վաստակել ընդամենը մեկ միավոր։ Եվրոպա լիգան միանգամայն այլ հարթություն է։ Այս մրցաշարը իր նշանակությամբ երկրորդ է և զիջում է միայն Չեմպիոնների լիգային։ Մոլդովական դիմադրությունը կոտրելու դեպքում կարձանագրենք, որ «Փյունիկը» լուծեց մեծ խնդիր, որը չէր հաջողվել լուծել «Արարատ-Արմենիային» և «Ալաշկերտին»։ Կրկնում ենք «Շերիֆն» ամենևին էլ անհաղթահարելի մրցակից չէ։ Ավելին, մոլդովական թիմը կարգով զիջում է Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։ Վերջինիս «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում։