Ֆրանսիան վերջինը, բայց առայժմ կարծես թե միակը. Մակրոնի ակնարկը նոյեմբերի 9-ի մասին

Ֆրանսիան վերջինը, բայց առայժմ կարծես թե միակը. Մակրոնի ակնարկը նոյեմբերի 9-ի մասին

Հայաստանի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն օգոստոսի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի: Հանդիպման օրակարգը առնչվել է ռեգիոնալ զարգացումներին և երկկողմ հարաբերությանը: «Արտաշես Թումանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործունեությունը տնտեսության ոլորտում և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորությունները տրանսպորտային ենթակառուցվածքների, ջրի ու ոռոգման համակարգերի կառուցման և մի շարք այլ բնագավառներում, նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, որ տարածել է վարչապետի աշխատակազմը: Այստեղ թերևս հարկ է ուշադրության արժանացնել հանգամանքը, որ Արտաշես Թումանյանը ղեկավարում է աշխատանքային խումբը, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացի համատեքստում՝ Հայաստանի տարածքով հաղորդուղիների վիճակը, դրանց նորոգման, երկաթուղու վերականգնման և այլ հարցերի ուսումնասիրության և լուծումների համար: Հատկանշական է նաև այն, որ այդ աշխատանքը վստահվեց Թումանյանին, որը երկար տարիներ նաև Հայաստանի դեսպանն էր Իրանում: Այդ առումով, թերևս անկասկած է, որ վարչապետի խորհրդականի հետ Ֆրանսիայի դեսպանի հանդիպման առանցքային մոտիվը կամ թեման հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացն է, որը ներկայումս թերևս ռեգիոնալ ընդհանուր իրադրության և զարգացումների «խթանիչ» կամ «պայմանավորող» առանցքն է, իր հերթին իհարկե պայմանավորված լինելով նաև առավել խորքային աշխարհաքաղաքական գործընթացներով: Եվ ի դեպ, այդ իմաստով ուշադրության է արժանի մի հանգամանք, որը քիչ ուշադրության է արժանացել հայկական լրատվական տիրույթում: Մասնավորապես, օգոստոսի 3-ին՝ Արցախում իրադրության գերլարված օրը, տեղեկություն տարածվեց Հորադիզում միջոցառման մասին, որին մասնակցել էր Բաքվում Ֆրանսիայի դեսպանը: Իսկ միջոցառումը վերաբերել էր մարդասիրական ականազերծմանն ու դրա ընթացքում Ֆրանսիան ականազերծող 130 սարք էր փոխանցել ադրբեջանական կողմին: Ֆրանսիան փորձում է «միանալ» խաղին, որում նկատելի պասիվացել էր Ֆրանսիայում նախագահի ընտրությունից հետո: Նախօրեին Ելիսեյան պալատը տարածեց նաև տեղեկություն, որ նախագահ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել թե Նիկոլ Փաշինյանի, թե Իլհամ Ալիևի հետ, կոչ անելով նրանց քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար: ««Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հատկապես Լաչինի միջանցքի շրջանում տեղի ունեցած լուրջ միջադեպերի կապակցությամբ։ Նախագահը կոչ է արել անել հնարավորը՝ խուսափելու էսկալացիայից և ձեռնամուխ լինել Հայաստանի հետ բանակցություններին։ Նա ընդգծել է կրակի դադարեցման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը», նշված է Ֆրանսիայի նախագահի նստավայրի տարածած հաղորդագրությունում: Ուշադրության է արժանի, որ Ֆրանսիայի նախագահը «ընդգծել է նոյեմբերի 9-ի պարտավորությունների կատարումը»: Հանգամանքը ուշադրության է արժանի նախ նրանով, որ Արցախում վերջին օրերի լարվածության առնչությամբ միջազգային էական դերակատարների մտահոգությունների մասին հայտարարությունների շարքում Ֆրասիայի արձագանքը թերևս լինելով ժամանակագրական առումով ամենավերջինը, բովանդակային առումով միակն է, որտեղ հստակ հղում կա նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին և պայմանավորվածությունների կատարմանը, բացառությամբ իհարկե Ռուսաստանի արձագանքի՝ որտեղ հղումը կա հասկանալիորեն: Փարիզի հայտարարության այդ համատեքստում օրինակ կարող է առաջանալ հարց, արդյո՞ք այդ կերպ Ֆրանսիան ակնարկում է ռուսական խաղաղապահ մանդատի «միջազգային ամրացման» ուղղությամբ Երևանի բարձրաձայնած մոտեցման շուրջ աշխատանքի պատրաստակամություն: