Վոլկովը մեզ ասել է՝ հաշվեք մեր ձեռքերը կապված են, հստակ չէ՝ ռուսները չե՞ն կարող, թե՞ չեն ուզում օգնել մեզ

Վոլկովը մեզ ասել է՝ հաշվեք մեր ձեռքերը կապված են, հստակ չէ՝ ռուսները չե՞ն կարող, թե՞ չեն ուզում օգնել մեզ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը։ - Պարոն Պետրոսյան, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների հետ, որին ներկա եք եղել նաև դուք։ Ի՞նչ մտահոգություններ եք հայտնել վերջին օրերի ադրբեջանական սադրանքների հետ կապված, ի՞նչ է ձեզ փոխանցել գեներալ Վոլկովը։ -Խաղաղապահ զորախմբի հրամանատարի խոսքերով՝ իրենք ամեն ինչ անում են Ադրբեջանին զսպելու համար։ Եթե հավատանք Վոլկովին, պարզ է դառնում, որ ռուսը փորձում է զսպել, բայց ադրբեջանցիները սադրանքների են դիմում, զսպելն էլ նման կերպ է ստացվում իրենց մոտ։Այսինքն՝ տեսնում ենք, որ չեն կարողանում նորմալ զսպել թշնամուն, կան զոհեր ու վիրավորներ։ Հարց է ծագում՝ արդյոք Վոլկովը մեզ հետ ազնիվ էր։ Ես ազնվություն նկատել եմ, մտահոգություն ևս, բայց չեմ կարող ասել Կրեմլի գործողությունները ինչ բովանդակություն ունեն։ Ուստի հստակ չէ՝ ռուսները չե՞ն կարող, թե՞ չեն ուզում մեզ օգնել։ -Ինչքանո՞վ է արժանահավատ այն մոտեցումը, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ցանկության դեպքում չկարողանա զսպել Ադրբեջանին։ -Հենց այդ հարցերն էլ ուղղել ենք։ Ասել ենք՝  եթե չեք կարողանում զսպել Ադրբեջանին, մեզ ուղիղ ասեք, մենք էլ իմանանք, թե  ինչ անենք, այլ երկրների դիմենք․․․ այդ հարցադրումները հնչել են, ինքն ասել է, որ խաղաղապահ զորքի կանոնադրության մեջ կան սահմանփակումներ, դրա համար իրենք չեն կարողանում ո՛չ տեխնիկայի՝ այսինքն սպառազինության , ո՛չ էլ իրավական առումով ինչ-որ մարտական գործողություն անել։Վոլկովն ասում է՝ հաշվեք մեր ձեռքերը կապված են։ Պետք է նշեմ, որ զորախմբի քանակն էլ քիչ է, չեն կարողանում համալրել։ Եթե հիշում եք՝ Փառուխի դեպքերից հետո մենք նորից հանդիպել ենք իրենց հետ, էլի ուլտիմատումով ասել ենք՝  չեք կարողանում զսպել, կա՛մ քանակն ավելացրեք, կա՛մ մեզ ասեք, որ ուրիշներին դիմենք։Ցավոք, երբ սկսվեցին ուկրաինական դեպքերը, իրենք ո՛չ կարողանում են քանակն ավելացնել, ո՛չ էլ կանոնադրություն փոխել։ -Դուք  հնարավոր համարում եք միջազգային այլ կառույցներին դիմելը։ Կարծես նման ակնարկ արեց նաև վարչապետ Փաշինյանը։ -Չգիտեմ՝ ով է ակնարկ արել, բայց ես մտածում եմ, որ այս պահի դրությամբ մենք հնարավորություն չունենք թշնամու հետ պատերազմել։ Շատ թույլ ենք՝ թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես, ուստի պետք է ինչ-որ դիվանագիտական  մեխանիզմներով փորձենք զսպել թշնամուն ու փրկել մեր կյանքը։ Այստեղ արդեն խաթարվում է մեր ապրելու իրավունքը։Հիմա եթե ռուսը չի կարողանում ու չի ուզում զսպել, մենք ստիպված ենք այլ ուժերի դիմել՝ Եվրոպա, ԱՄՆ և այլն։ Օգտվելով առիթից  ես ուզում եմ դիմել սփյուռքահայությանը՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում ապրող մեր հայությանը, որ բարձրաձայնեն այս խնդիրը։Թող իրենց կառավարություններն էլ տեսնեն, որ թեպետ ռուս խաղաղապահներն ասում են, որ իրենք ամեն ինչ անում են, փաստն այն է, որ իրենք չեն կարողանում զսպել թուրք-ադրբեջանական տանդեմը։ Ես խնդրել եմ մեր սփյուռքահայերին իրենց կառավարության մոտ բարձրաձայնել այս հարցերը, լսելի դարձնել, որպեսզի իրենք միջամտեն, ճնշում գործադրեն Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների վրա, որպեսզի այս հարձակումները կանգ առնեն։ -Ակտիվորեն քննարկվում է նաև ձեր հանդիպման մեկ այլ հանգամանք՝ սեղանին թարս դրված հայկական դրոշը և Ադրբեջանի դրոշի առկայությունը։Ի՞նչ դիտարկումներ կան սրա վերաբերյալ։ -Նման բան խոսողները թող մզկիթի մասին էլ խոսեն, հանդիպմանը գնալիս մի մեծ մզկիթի կողքով ենք անցել։Մենք գնացել ենք իրենց տարածք, ի՞նչ պետք է անեինք։ Ես նույնիսկ սկզբում չեմ նկատել, հետո նկատեցի, բայց պետք է ասեմ, որ եթե նույնիսկ մենակ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները տնկած լինեին, ես պետք է գնայի ու բանակցությունները վարեի։ Հիմա ես պետք է դնեմ ու ցածր սոցիալական պատասխանատվության կայքերի էժանագին անդրադարձները մեկնաբանե՞մ։ Ինչի՞ հետևից են ընկել,  նման բաներ խոսում են ուշադրություն շեղելու համար։Կրկնում եմ՝  եթե նույնիսկ մուտքի մոտ մի մեծ ադրբեջանական դրոշ դրած լիներ՝ պետք է մտնեի ու բանակցեի։Դա մեր օջախը չէ, ռուսն է։Դրանով նա իր երեսն է ցույց տալիս ու թող ամեն մեկն իր եզրակացությունն անի, ինչու է ռուսը  ադրբեջանական դրոշ դրել սեղանին, մերն էլ թարս դրել։ Այդ ամենը հարցրեք իրենց։