Գարեգին Երկրորդի բազմիմաստ գրառումը. որտեղից սկսել և ինչպես

Գարեգին Երկրորդի բազմիմաստ գրառումը. որտեղից սկսել և ինչպես

««Հետամուտ լինենք խաղաղության և շինության` միմյանց հանդեպ»,- պատգամում է առաքյալը (Հռ. 14.19)։ Հիրավի, հայրենական անդաստանում հաստատուն կլինի խաղաղությունը և արդյունավոր՝ ջանքերը լուսավոր գալիքի կերտման, երբ ազգային կյանքից մերժվեն ատելությունն ու անհանդուրժողականությունը»: Օգոստոսի 5-ին այդ գրառումը հայտնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում: Թեև գրառումը չունի ուղիղ հասցեականություն, այդ թվում այսպես ասած տեղեկատվական առիթի մասով, այդուհանդերձ այն, որ գրառումը հաջորդում է Արցախի շուրջ իրավիճակի հերթական թեժացմանը, թույլ է տալիս դիտարկել կապը: Հատկապես, որ դրանից առաջ համացանցում սկսեցին հնչել կարծիքներ, թե ինչու՞ է ծանր պահին լռում հոգևոր առաջնորդը: Եվ հոգևոր առաջնորդը խախտում է լռությունը, սակայն բավականին բազմիմաստ գրառումով, որը ավելի շատ կարող է առաջացնել հարցեր, քան լինել հանրությանն առաջնորդող ազդակ: Մասնավորապես, կարող է հարց առաջանալ, թե ո՞րն է վերջին պարբերության տողատակը, թե՝ ավելի արդյունավետ կլինի խաղաղության և լուսավոր գալիքի կերտման ջանքը, երբ ներքին կյանքում մերժվեն ատելությունն ու անհանդուրժողությունը:  Այն, որ Վեհափառ Հայրապետը անում է հույժ կարևոր և էական շեշտադրում, անկասկած է: Ամբողջ հարցն այն է, որ այդ թեմայով անհասցե և բազմիմաստ՝ հռետորական գրառումները ավելի շուտ տալիս են նենգափոխումների, քան խորքային դիսկուրսի հիմք: Կասկած չկա իհարկե, որ նենգափոխումներ լինելու են բոլոր դեպքերում, անգամ լռության, բայց տվյալ պարագայում չափազանց կարևորն այն է, թե ինչպես է գտնվում անհանդուրժողության և ատելության ներքին ճահճից ելքը: Պարզ է, որ գրառումներն ու կոչերը ելք չեն: Միևնույն ժամանակ պարզ է նաև, որ առարկայականությունը ամենևին չի նշանակում կամ չպետք է նշանակի ուղիղ մատնանշում ընդդիմությանը կամ իշխանությանը, կամ երկուստեք: Մոլորություն է կարծել, թե նրանք սպասում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին, որպեսզի նստեն քաղաքական երկխոսության: Եվ ընդհանրապես, Գարեգին Երկրորդի աշխատանքի հասցեն թերևս քաղաքականությունը, քաղաքական սուբյեկտները չեն, այլ հանրությունը: Իհարկե, քաղաքական սուբյեկտներից ավելի քաղաքականացված է գուցե հենց հանրությունը, սակայն ի վերջո խնդիրը շատ ավելի պարզ է՝ կամ կա աշխատանք, հետևաբար պետք է գտնվի այն սկսելու մեկնակետ-դաշտը, կամ այդ աշխատանքը չկա, հետևաբար չկա որևէ ամենախորիմաստ կոչի կամ գրառման իմաստ: Անկասկած է, որ Հայաստանը պահանջում է առաջին տարբերակը՝ աշխատանք: Իսկ այդ դեպքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի պարագայում աշխատանքի մեկնակետը հանրային դաշտն է, որն իհարկե պահանջում է շատ ավելի կոնկրետ հայեցակարգ: Տարիներ առաջ Մայր Աթոռում ստեղծվեց ռազմավարական ուսումնասիրությունների բաժին, ինչը ինքնին վկայեց, որ Մայր Աթոռը համարժեք  գնահատում է տեխնոլոգիական նոր ժամանակաշրջանի, առանց չափազանցության՝ նոր դարաշրջանի բնույթն ու մարտահրավերը, հետևաբար ձեռնամուխ է լինում դրան համարժեք հայեցակարգի մշակմանը: Կա՞ արդյոք այդ ուղղությամբ արդյունք, և որն է այն: Եթե կա, այն տեսանելի չէ: Ընդ որում, չկա պատրանք, թե Կաթողիկոսը և ՀԱԵ-ն պետք է ծավալեն «դասական» հասարակական գործունեություն: Հոգևոր ինստիտուտի հանգամանքն ու առաքելությունը՝ իր կրոնական նուրբ շերտերով, ինքնին հասկանալի է: Բայց, նաև այդ նրբություններից ելնելով է, որ պահանջվում է հանրության հետ աշխատանքի առանձնահատուկ հայեցակարգ, որը պետք է երկուստեք՝ թե հանրությանը, թե եկեղեցուն, հոգևոր-արժեհամակարգային այնպիսի միջավարի ձևավորման ուղղությամբ, որի միջոցով հնարավոր կլինի վերականգնել մի կողմից ՀԱԵ հանրային վարկը՝ որ էապես տուժել է անցնող երկու-տասնամյակի ընթացքում, և վերականգնել նաև հանրային հարաբերությունների որոշակի ներդաշնակություն, այդ կերպ  ձևավորելով քաղաքականության հանդեպ հանրային՝ որակապես, արժեհամակարգային բարձր պահանջարկ: Լուսանկարը՝ Photolure-ի