ՀՀ քաղաքացիների, այդ թվում լրագրողների Արցախ մուտքն արգելելը Արցախը Հայաստանից մեկուսացնելու տարբերակներից մեկն է

ՀՀ քաղաքացիների, այդ թվում լրագրողների Արցախ մուտքն արգելելը Արցախը Հայաստանից մեկուսացնելու տարբերակներից մեկն է

«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբն այդպես էլ չի կարողացել հասնել Արցախ, քանի որ Լաչինի հատվածում ռուս խաղաղապահներն արգելել են առաջ գնալ։ «Առաջին լրատվական»-ի մեկնաբան Ժիրայր Ոսկանյանը հաղորդում է, որ ռուս խաղաղապահները՝ քաղաքացիական հագուստով, կոպիտ վարքով ու բառերով, դիմակավորված, ավտոմատները իրենց վրա պահած, թույլ չեն տվել մտնել Արցախ։ «Ասում էին՝ եթե ՀՀ-ում կա ղեկավարություն, ուրեմն պետք է իմանայիք, որ Արցախ չեք կարող մտնել: Եթե ուզում եք Արցախ գնալ, բերեք ռուսական ղեկավարության թույլտվությունը»,-հաղորդում է Ժիրայր Ոսկանյանը: Այս առնչությամբ Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը «առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դա աննորմալ վիճակ է. «Սա մտահոգիչ է, որովհետև, փաստորեն, Արցախը Հայաստանից մեկուսացնելու տարբերակներից մեկն է: Այս հարցը նաև պետք է ՀՀ իշխանություններին ուղղել, որովհետև, ի վերջո, բանակցող կողմը Հայաստանի իշխանություններն են և իրենք կարող են նմանատիպ հարցեր բարձրացնել: Շատ դեպքերում մեզ համար շատ հարցեր հասու չեն»,-ասաց նա: Դիտարկմանը, որ կարծես ռուս խաղաղապահները չեն կարողանում Արցախի հայությանը պաշտպանել տարբեր ոտնձգություններից, Վահրամ Բալայանն ասաց. «Այստեղ կարգավիճակի հետ կապված խնդիր կա, թե ինչ իրավասություններով են այստեղ գործում խաղաղապահները: Ամենայն հավանականությամբ կան պայմանավորվածություններ և դրանց շրջանակներում են նրանք գործում: Շատ հարցեր կան, որոնց մասին, ըստ էության, մենք տեղյակ չենք՝ պայմանավորվածություններ, թղթերի ստորագրում և այլն: Մեզ միայն հայտնի է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իսկ դրաից դուրս շատ բարեից տեղյակ չենք: Խոսում են ճանապարհի մասին, մեկ ասում են՝ տեղյակ ենք, մեկ ասում են՝ տեղյակ չենք: Հարցերը շատ են»: Հարցին, թե հիմա ինչպե՞ս է գնահատում ստեղծված իրավիճակը, որքանո՞վ է ռուս խաղաղապահներին հաջողվում բանակցել և արդյունքներ ունենալ, Բալայանը պատասխանեց. «Կարելի է բնորոշել որպես շիկացած մթնոլորտ և հարաբերական հանգիստ: Իմ կարծիքով, որպեսզի իրավիճակը խաղաղ լինի, պետք է ռուս խաղաղապահների թվաքանակը շատացնել և միջամտության իրավասությունները մեծացնել: Եթե ադրբեջանցիները նախահարձակ գործողություններ են անում, ապա պետք է դրան համարժեք պատասխան տան: Որովհետև այս պահին քիչ, թե չա, այս կայունությունը խաղաղապահի առաքելությունն է իրականացնում և այսօր փոխարինող ինչ-որ մեխանիզմ առայժմ չկա: Չկա մեկը, որ կարող ենք ասել՝ կարող է գալ ու փոխարինել ռուս խաղաղապահներին: Պարզապես եղածը պետք է կատարելագործել և մտածել ապագայի մասին»: