Վաղ թե ուշ թմրադեղերը օրինկանացվելու են. հանրության մի մասը սկսել է դա նորմալ համարել

Վաղ թե ուշ թմրադեղերը օրինկանացվելու են. հանրության մի մասը սկսել է դա նորմալ համարել

Ոստիկանությունը հայտնում է, որ համացանցային «Տելեգրամ» հավելվածը հայտնի է նաև ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող էջերով, որոնց դեմ պաքարը պարբերաբար արդյունք է տալիս: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկության համաձայն` «Գրին Հաուս 420»-ը հենց այդպիսի էջ է, որի միջոցով հանցավոր խմբի անդամները մայրաքաղաքում և որոշ մարզերում իրացնում են թմրամիջոց: Ստացված տեղեկությունն իրացվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի, Անիի և Ախուրյանի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով: Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Գյումրիում ձերբակալվեցին և ոստիկանության Կումայրիի բաժին բերվեցին Ձորակապ գյուղում բնակվող 23-ամյա տղամարդ և 31-ամյա կին՝ երկուսն էլ օտարերկրյա քաղաքացիներ: Կնոջ մոտ հայտնաբերվեցին մեթամֆետամինի՝ 10, և «ԼԴՍ»-ի հինգ հաբ, նաև` մոտ 35 գրամ հաշիշ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը խոսել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, որի փոխանցմամբ՝ խնդիրը ոչ թե Տելեգրամի մեջ է, այլ նրա, որ այս գործում ստեղծվել է ցրված համակարգ, այսինքն՝ մատակարարողներն ու սպառողները միմյանց չեն ճանաչում: Մատակարարողի գործող սխեման այնպիսին է, որ գրեթե հնարավոր չէ բացահայտել, թե ով է, այսինքն՝ պարագլուխներին գտնելը դժվար գործ է դարձել: Վաճառքն իրականացվում է հետևյալ կերպ՝ ապրանքը ցրվում է ցրիչների միջև, տեղադրվում է որևէ վայրում, իսկ սպառողը գնում ու վերցնում է այն, առանց իմանալու, թե ով է հեղինակը, ամեն բան արվում է անանուն ու ծածուկ, ոչ ոք ոչ ոքի չի հանդիպում ու խնդրում բարդությունն էլ կայանում է նրանում, որ մեկին ձերբակալելով հնարավոր չէ շարունակվող շղթան քանդել, քանի որ մատակարարողներն իրենք էլ միմյանց չեն ճանաչում: Փաստ է մնում այն, որ Տելեգրամ հավելվածը նման մարդկանց շատ է օգնում, քանի որ թույլ է տալիս անանուն շփում իրականացնել: Կան այլ միջոցներ էլ սրա իրականացման համար, սակայն փակագծեր բացել Մարտիրոսյանը չցանկացավ՝ ասելով, որ մինչ Տելեգրամնն էլ սա կար, ուղղակի սույն ծրագիրը սկսել է ավելի հեշատացնել «սև գործը»: Կանխել թմրանյութերի վաճառքը, կարելի է ասել, այդքան էլ իրատեսական չէ, քանի որ դրա վաճառքն իրականացնում են անգամ սովորական հրապարակումների միջոցով ու քանդել շղթան՝ շատ բարդ է: Տելեգրամով բացահայտելն էլ է դժվար, քանի որ այդ ալիքները հաճախակի փոխվում են. հնարավոր է մի փոքր տոկոսը բացահայտվի, բայց ոչ լրիվ: Իրավապահներին կարող է օգնել այն, որ նրանք ծրագրում գտնեն որևէ խոցելի կետ ու գործեն ըստ դրա, սակայն այստեղ կա այն բայցը, որ պարագլուխները կսկսեն օգտվել այլ հարթակից: Մարտիրոսյանն ընդգծում է, որ խնդիրը թմրադեղերի էժանացումը, բազմազանությունը ու թույլ թմրադեղերի հանրության մի մասի կողմից նորմալ ընկալումն է: Հստակ տոկոսային շեմ նշել հնարավոր չէ, սակայն հանրության որոշակի տոկոսը սկսել է նորմալ ու սովորական վերաբերել թույլ թմրադեղերի օգտագործմանը. դա ակնհայտ իրողություն է: «Վաղ թե ուշ թմրադեղերը օրինականացվելու են, որովհետև դա միակ միջոցն է կանխելու ավելի ծանր թմրադեղերի օգտագործում. ցավոք, այսպես, թե այնպես որոշները օգտվելու են»: Ներկայումս թմրադեղերն այնքան են շատացել ու ստացել դիզայներական լուծումներ, որ ոստիկանությունը չի հասցնում դրանք մտցնել արգելվածների ցանկում: Կան թմրադեղեր, որոնք նման են լվացքի փոշու ու իրականում էլ կարող են ծառայել՝ որպես լվացքի փոշիի: Սինթետիկ թմրադեղերը փոխել են շուկան: