1 զոհ, 6 վիրավոր.  նոր մանրամասներ բանկում տեղի ունեցած պայթյունի  վերաբերյալ

1 զոհ, 6 վիրավոր. նոր մանրամասներ բանկում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին ժամը 09:05-ին: «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով՝ գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: