ԱՄՆ-ը 120 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին

ԱՄՆ-ը 120 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության 5-ամյա համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին որպես աջակցություն տրամադրվելու է 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Համաձայնագիրն ուղղված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տնտեսության կայունության ապահովմանը: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ինչպես ԱՄՆ ՄԶԳ, այնպես էլ ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: «Կառավարության անունից և անձամբ իմ կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին տրամադրվող աջակցության համար և ընդգծել, որ համաձայնագրով որոշված ուղղությունները մեծ կարևորություն ունեն այս բարդ ժամանակաշրջանում Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերների հաղթահարման, կայուն զարգացման և երկրում ժողովրդավարության ամրապնդման համար»,-ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Ես ցանկանում եմ հատկապես շնորհակալություն հայտնել կառավարության մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեծ դեր են ունեցել այս համաձայնագրի մշակման գործում: Ձեր ժամանակը, մասնակցությունը և ջանքերն այս փաստաթուղթը մշակելու և այս օրն իրականություն դարձնելու համար ընդգծում են մեր հավատարմությունը ընդհանուր արժեքներին և նախաձեռնություններին: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներում Հայաստանին աջակցելու գործին»,- միջոցառման ընթացքում նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Համաձայնագիրը միտված է խթանելու թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետական կառավարման համակարգում, հզորացնելու տեղական կառավարման կարողությունները, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացներն ու օրենքի գերակայությունը: Փաստաթղթի ներքո իրականացվելիք ծրագրերը կխթանեն կառավարման գործընթացում քաղաքացիների ներառական մասնակցությունը և կմեծացնեն տեղեկատվության անկախ և բազմազան աղբյուրների հասանելիությունը: Տնտեսական կայունությունն ամրապնդելու նպատակով ծրագրերն ուղղված կլինեն մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, աշխատուժի հզորացմանը և բնական ռեսուրսների կայուն կառավարմանը: