Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը

Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) 2022 թվականի սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մանրամասնելով, որ մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից ժամը 13:00-ին: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթով: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով` 1-ին տարիքային խումբ՝ 2005-2007 թթ. ծնված դպրոցականների համար (2 կմ) (աղջիկներ և տղաներ), 2-րդ տարիքային խումբ՝ 2004-1987 թթ. ծնված կանայք, 2004-1982 թթ. ծնված տղամարդիկ, (10 կմ), 3-րդ տարիքային խումբ՝ 1986 թ. ծնված և բարձր տարիքի կանայք, 1981 թ. ծնված և բարձր տարիքի տղամարդիկ, (10 կմ), աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները, առանց տարիքային սահմանափակման խմբով, (10 կմ): Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև՝ առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները: Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: 1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազքում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները պարգևատրվում են համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ)՝ դրամական մրցանակներով: Դրամական մրցանակներ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի ու առանձնացված գործող աթլետների խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝ 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ, 11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ: Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն: ՀՀ քաղաքացի չհանդիսացող մասնակիցներին (միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրյա զբոսաշրջիկներ), մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավելու դեպքում, կտրվեն հավաստագրեր, մեդալներ, իսկ 1-ին տեղեր գրաված մասնակիցներին նաև հուշանվերներ: Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերի շրջանակում նախատեսվում են նաև ուղիղ եթերի, շարժական բեմի և լեդ էկրանի ապահովում: Մասնակիցների գործուղման ծախսերը (գիշերակաց, սնունդ և ճանապարհածախսը) հոգում է գործուղող կազմակերպությունը: Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները: Նախարարությունից զգուշացնում են, որ փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ։