Արցախի Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տեղացած կարկուտը նյութական վնասներ է պատճառել

Արցախի Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տեղացած կարկուտը նյութական վնասներ է պատճառել

Արցախի Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։ Էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Վնասվել է ևս 3 տրանսպորտային միջոց։ Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Զարդախաչ գյուղում կազմել է 2սմ, Վերին Հոռաթաղում` 3սմ։ Կարկուտի տեսքով ուժեղ տեղումներ են գրանցվել Գետավանում, Խնկավանում, Վաղուհասում և հարակից մյուս բնակավայրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ կարկուտն ամենաշատը տեղացել է Հաթերքում, որտեղ դրա շերտը հասել է 5 սանտիմետրի։ Նշվում է, որ համայնքներում իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։