Անկարան  նորից «սիրաշահում է» Մոսկվային,  բայց իր խնդիրը ոչ թե Շվեդիան ու Ֆինլանդիան են, այլ ԱՄՆ-ն

Անկարան  նորից «սիրաշահում է» Մոսկվային,  բայց իր խնդիրը ոչ թե Շվեդիան ու Ֆինլանդիան են, այլ ԱՄՆ-ն

Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի անդամակցությանը ձգտող Ֆինլանդիան և Շվեդիան մի շարք հանդիպումներից, քննարկումներից, Թուրքիայի պահանջները կատարելու պատրաստկամությունից հետո էլ առայժմ չեն կարողանում ստանալ Անկարայի համաձայնությունը։ Նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երեք երկրների ներկայացուցիչները հանդիպել ու քննարկել են Անկարայի առաջ քաշած պահանջները։ Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը և փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը ներկայացրել են իրենց դիրքորոշումը։ Քալընի խոսքով հանդիպումը դրական է անցել, այժմ ակնկալում են, որ այդ երկրները հստակ քայլեր կձեռնարկեն. - «Այսօր մեր գործընկերներին ներկայացրեցինք մեր ակնկալիքները: Մենք վերստին ընդգծեցինք, որ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը մեզ համար վերջնաժամկետ չէ, և բանակցությունները շարունակվելու են»: Թուրքիան պնդում է, թե լուրջ անվտանգային մտահոգություններ ունի, և Շվեդիայից պահանջում խստացնել հակաահաբեկչական օրենսդրությունը, արգելել Քուրդիստանի բանվորական կուսակցության գործունեությունը, արտահանձնել Թուրքիայում ահաբեկիչներ համարվող մի շարք անձանց, հանել զենքի արտահանման արգելքը:Վարչապետ Մագդալենա Անդերսոնը անցած շաբաթ հայտարարել էր, թե համապատասխան քայլեր են ձեռնարկվում և հուլիսի 1-ից արդեն ավելի ուժեղ օրենսդրություն կունենան: Մինդեռ Թուրքիայի նախագահականի խոսնակը ասել է, թե դեռ հստակ չէ, թե օրենքի ինչ փոփոխություններ են արվելու ,և որքանով են դրանք համապատասխանելու իրենց պահանջները։Բրյուսելյան հանդիպումից հետո Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն հայտարարել է, որ հանդիպմանը հատուկ առաջընթաց չի արձանագրվել և չի հաջողվել համաձայնության հասնել Թուրքիայի հետ, բայց քննարկման մեկնարկն ինքնին հուսադրող է: ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի ավարտի մասին Նիսիստոն հստակ ժամկետներ չի նշել, սակայն ասել է, թե քիչ հավանական է համարում, որ դա տեղի կունենա մինչև սեպտեմբեր: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համարում է, որ Թուրքիայի պատճառաբանությունները հիմնավոր չեն․ «Սկսենք Ս-400-ներից։ ՆԱՏՕ-ում պաշտպանության համակարգն ընդհանուր է, հետևաբար զենքերն էլ են ընդհանուր։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ մի երկիր ռուսական զենք է գնում, դա ինքնին խնդիր է։ Ես ՆԱՏՕ-ի երկրպագուներից չեմ, բայց եթե դու որևէ կազմակերպությանն անդամակցում ես այդ կազմակերպությունը կանոնադրություն ունի ու դու այն խախտելու իրավունք չունես։ Երկրորդ՝ մի շվեդ պատգամավոր ուշագրավ դիտարկում էր արել։ Նա ասել էր, որ Թուրքիայի խնդիրը մեր անդամակցությունը չէ, այլ Էրդողանին Վաշինգտոն հրավիրելը։ Ես բազմիցս նշել եմ, որ Բայդենը Էրդողանին նախավերջինն է  զանգել՝ իրեն շնորհավորելու առիթով շնորհակալություն հայտնելու համար։ Այս խնդիրը պետք է հետաքրքրի ամերիկացիներին ու ՆԱՏՕ-ին, որովհետև մի քանի տարի առաջ Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու խնդիր էր դրված։ Եթե խնդիր դրված  էլ չէր նույնիսկ, հարցն արծարծվում էր։Եթե ԵՄ-ն անդամակցության բանակցությունները դադարեցվեն, ՆԱՏՕ-ից  էլ կարող են վռնդել։Այն երկրները, որոնք Եվրամիության անդամ են դարձել, անպայման նաև ՆԱՏՕ-ի անդամ են դառնում։ ՆԱՏՕ-ի անդամների թիվը հասել է 30-ի, նույնքան էլ Եվրամիության անդամների թիվն է։ Եվ ես այս կապը երկու կառույցների միանգամայն տրամաբանական եմ համարում, թեպետ ԵՄ անդամները մեր նման «հրաշալի» հարևաններ չունեն, որ պաշտպանության կարիք ունենան»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ Չաքրյանի՝ եթե Անկարան շարունակի նման քաղաքականությունը, Եվրամիությունը կարող է նրան զրկել անդամակցող երկրի կարգավիճակից։ Մեր զրուցակիցն այստեղ միանգամայն տրամաբանական է համարում նաև Ռուսաստանի գործոնը․ «Անշուշտ Եվրամիությունում կան մտահոգություններ, որ նման քայլերով ակամայից կմղեն Ռուսաստանի գիրկը, գուցե հենց դրանից են խուսափում։ Բայց այդ ռիսկն էլ պետք է հաշվի առնեն՝ եթե ուզում են, որ Ֆինլանդիան ու Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին»։ Թուրքագետը նաև չի բացառում, որ Անկարայի «մերժումները»  նաև Ռուսաստանին որոշակիորեն սիրաշահելու փորձ լինեն․ «Երբ Էրդողանը կտրականապես դեմ արտահայտվեց, Պեսկովը նշեց, որ Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությունը նաև Ռուսաստանինէ  սապռնում։ Այսինքն՝ տեսակետները համընկնում են, իհարկե տարբեր պատճառաբանությամբ»։ Հակոբ Չաքրյանը գտնում է, որ Ռուսաստանն այսօր ամբողջությամբ մեկուսացված է միջազգային հանրությունից, Թուրքիայի վիճակն էլ առանձնապես  բարվոք չէ․ «960 միլիարդ թուրքական լիրայի պարտք կա գոյացած։ Ոչ համաշխարհային բանկը, ոչ էլ եվրոպական բանկը չեն ֆինանսավորում։ Այսինքն՝ Թուրքիայի վրա ազդելու լծակներ ամեն դեպքում ունեն»,-եզրափակեց նա։