Շոկային թերապիա, թե ազատ անկում. ինչ է կատարվում Հայաստանի ֆինանսական շուկայում

Շոկային թերապիա, թե ազատ անկում. ինչ է կատարվում Հայաստանի ֆինանսական շուկայում

Հունիսի 22-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին: Այլ իրավիճակներում տեղեկությունը գուցե իր արարողակարգային տեղը զբաղեցներ ընդհանուր լրահոսի շարքում, բայց ներկայումս Հայաստանի ֆինանսական շուկայում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ավելի մեծ ուշադրության են արժանացնում նախագահի և ԿԲ նախագահի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի և արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին: ԿԲ նախագահն անդրադարձել է նաև արժութային շուկայում հակամրցակցային դրսևորումներին և Կենտրոնական բանկի կողմից նման երևույթները բացառող միջոցառումներին և պատժամիջոցներին»:Այստեղ իհարկե լավ կլիներ, որ հանդիպման կողմերից որևէ մեկը մանրամասներ, թե արժութային շուկայում հակամրցակցային ի՞նչ դրսևորումների մասին է խոսքը, որպեսզի հանրությունն էլ իր հերթին կարողանար չափել, թե Կենտրոնական բանկը որքանո՞վ է արդյունավետ կառավարում այդ հակամրցակցային ռիսկերը և կանխարգելում ֆինանսական շուկայում տարբեր մանիպուլյատիվ երևույթները: Առավել ևս, որ արժութային շուկայում և դրամի փոխարժեքի հետ տեղի ունեցողը հանրության մոտ առաջացնում է միանգամայն հիմնավոր հարցեր, թե Կենտրոնական բանկը որքանով է արդյունավետ կառավարում իրավիճակն ընդհանրապես: Հայկական դրամը շարունակաբար արժեվորվում է դոլարի ու եվրոյի հանդեպ, որոնք թերևս հայկական տնտեսության՝ իհարկե ոչ դասական կամ բառացի իմաստով կամ նշանակությամբ, այդուհանդերձ այսպես ասած հիմնական արժույթներն են: Դրանք գտնվում են «ազատ անկման» մեջ և այդ գործընթացը չի կայունանում որևէ կերպ: Իհարկե կան դրամի արժեվորմանը նպաստող օբյեկտիվ գործոններ, սակայն մյուս կողմից, Կենտրոնական բանկն էլ նրա համար է, որպեսզի գնահատի իրավիճակը և հարկ եղած դեպքում սուբյեկտիվ գործիքներով կառավարի այն «օբյեկտիվ» գործոնները, որոնք արժութային շուկան պահում են փաստացի անկայուն վիճակում և առաջացնում հարցեր ու մտավախություններ բնակչության, բիզնեսի շրջանում, առաջացնելով անորոշ սպասումներ: Եվ այստեղ է, որ առանցքային է հարցը՝ թե արդյո՞ք չկան այդ իրավիճակից օգտվողներ, և այդ իրավիճակը հասունացնողներ, որոնց դեմ Կենտրոնական բանկը կամ անզոր է, կամ…: Թե՞ Հայաստանում տեղի է ունենում այն, ինչ մոտ երկու տասնամյակ առաջ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության և Տիգրան Սարգսյանի ԿԲ նախագահ եղած շրջանում: Այդ ժամանակ դրամը դոլարի հանդեպ կարճ ժամանակում արժեվորվեց գրեթե կրկնակի՝ մոտ 600 դրամից հասնելով գրեթե 300 դրամի: Անկասկած է, որ իրականացվեց ծրագրված քաղաքականություն, որի շնորհիվ օրինակ բավականին շահավետ գնով դոլար ձեռք բերեցին մի շարք խոշոր տնտեսա-քաղաքական «կլաստերներ»: Ո՞վ է դրամի արժեվորման ներկայիս շահառուն: Մի բան թերևս անկասկած է, որ այդ շարքում չէ տեղական արտադրողը, որովհետև դրամի արժեվորումը բերում է ներքին արտադրության ինքնարժեքի՝ առանց այդ էլ ոչ ցածր ինքնարժեքի առավել թանկացման, հետևաբար արտահանման հարցում իրադրության շատ, թե քիչ, բայց ավելի բարդացման, ընդ որում Վերին Լարսում լոգիստիկ ճգնաժամի պայմաններում առանց այդ էլ բարդացած արտահանման իրավիճակում: Թե՞ արժութային շուկայում գործընթացների միջոցով տեղի է ունենում Հայաստանի տնտեսական «կողմնորոշման»  «շոկային թերապիա», դեպի որևէ «միասնական արժույթ»: