Վերին Լարսի անցակետում իրավիճակի շտկումը բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է. Քերոբյան

Վերին Լարսի անցակետում իրավիճակի շտկումը բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է. Քերոբյան

Վերին Լարսի անցակետում մեզ համար իրավիճակի շտկումը Վրաստանում բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է: Կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ բազմաթիվ տնտեսավարողներ վնասներ են կրել և ամեն ինչ դիտարկվում է ժամանակի մեջ: Եթե խնդիրը խորը լինի, օժանդակության ծրագրեր կգործեն: «Մենք մեր վրացի գործընկերներին խնդրել ենք, որպեսզի ծաղիկները և թարմ ձուկը ևս մտցնենք հատուկ կատեգորիայի մեջ, որ այդ ապրանքներով բեռնված բեռնատարները ևս կարողանան առանց հերթի անցնել Վրաստանի տարածքով և մոտենալ Վերին Լարսի անցակետին»,- ասաց նա: Նախարարի խոսքով` բազմաթիվ բեռնատարներ առաջ ուղիղ Եվրոպայից մտնում էին Ռուսաստան, այժմ պետք է շրջանցեն այդ ամբողջ տարածաշրջանը, իսկ ամենամոտ անցակետը Լարսի անցակետն է: «Ես հունիսի 11-ին Վերին Լարսի անցակետում հանդիպել եմ ռուս գործընկերոջս, որպեսզի խնդրին լուծում տանք: Մեր պայմանավորվածության արդյունքում հունիսի 20-ին արդեն ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել երկրորդ մաքսազերծման զոնա բացել Վերին Լարսի անցակետի մոտակայքում, որը, ըստ մեր գնահատականի, պետք է 30 տոկոսով ավելացնի թողունակությունը: Դա այսօրվա 400-450 մեքենաների փոխարեն 650-700 մեքենան է օրական»,-պարզաբանեց Քերոբյանը: