Ջո Բայդենի՝ Հայաստանին առնչվող հետաքրքիր որոշումը

Ջո Բայդենի՝ Հայաստանին առնչվող հետաքրքիր որոշումը

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի համար առաջադրել է Քրիստինա Քվիենի թեկնածությունը: Ինչպես հայտնի է, ներկայիս դեսպան Լին Թրեյսին ավարտում է իր առաքելության ժամկետը: ԱՄՆ նոր դեսպանի համար Ջո Բայդենի ներկայացրած թեկնածությունն առաջին հերթին ուշադրություն է գրավում այն առումով, որ Քրիստինա Քվիենը 200-2002 թվականներին եղել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար: Սակայն, դեսպանի նոր թեկնածության առումով կան թերեւս ուշադրության արժանի առավել առարկայական քաղաքական հանգամանքներ եւ գործոններ, որոնք թույլ են տալիս դիտարկել Հայաստանի հետ աշխատանքի առումով ԱՄՆ մոտեցումների առավել շոշափելի հեռանկարներ: 57-ամյա դիվանագետ Քրիստինա Քվիենի կրթության եւ կարիերայի դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ դիվանագիտական ծառայության երեք տասնամյակի ընթացքում նա այսպես ասած «մասնագիտացել» է տնտեսական հարցերի ուղղությամբ: Նա աշխատել է Ֆրանսիայում, Սլովենիայում, Ֆիլիպիններում, 2001-2005 թվականներին Քրիստինա Քվիենը եղել է Եվրամիությունում ԱՄՆ առաքելության աշխատակից՝ տնտեսության գծով, իսկ հետո տեղափոխվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն, որտեղ զբաղվել է շրջակա միջավայրի եւ էներգետիկայի հարցերով: Դրանից հետո Քրիստինա Քվիենը ԱՄՆ Անվտանգության խորհրդում եղել է Եվրամիության հարցերի, Եվրամիության տնտեսության եւ Կասպիցի, Ուկրաինայի, Բելառուսի էներգետիկ հարցերի տնօրեն: Հետո նա աշխատել է Լոնդոնում, համակարգելով ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տնտեսական հարաբերության հարցեր, որոնք ներառել են ֆինանսական, բանկային սեկտորը, քաղաքացիական ավիացիան, աշխատանքային եւ էներգետիկ քաղաքականությունը: Մինչեւ Ուկրաինայում դիվանագիտական ծառայությունը, Քրիստինա Քվիենը աշխատել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատանը՝ դեսպանի տնտեսական հարցերի խորհրդական: Այդպիսով, ակնառու է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը Հայաստանում Նահանգների նոր դեսպանի թեկնածու է առաջադրում դիվանագիտության մեջ տնտեսական բաղադրիչի կամ տնտեսական դիվանագիտության ուղղությամբ աշխատանքի մեծ փորձառություն ունեցող դիվանագետի, ինչը թերեւս հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանի հետ հարաբերության հարցում ԱՄՆ-ն առաջիկա տարիներին դիտարկում է տնտեսական բաղադրիչի առաջնահերթություն: Սա բավականին հետաքրքիր հանգամանք է, ինչի մասին ինքս խոսել եմ տարիներ շարունակ: Հայ-ամերիկյան հարաբերության կայուն եւ հաստատուն զարգացման օրակարգային ծանրության կենտրոնի այսպես ասած առավել ռացիոնալ, եւ աշխարհաքաղաքական նրբությունների տեսանկյունից առավել «փոխզիջումային» «ծանրության կենտրոն» կարող է լինել տնտեսությունը եւ այդ ուղղությամբ համաչափ գործակցության միջոցով Հայաստանի տնտեսական բազայի եւ կարողությունների դիվերսիֆիկացումը: Եվ այստեղ էական գործոն կարող է դառնալ նաեւ ԱՄՆ հայկական սփյուռքը: Այդ իմաստով, Հայաստանը թե իշխանության, թե նաեւ հայ-ամերիկյան գործակցության հեռանկարով եւ Հայաստանի պետական ներուժի դիվերսիֆիկացիայի հրամայականով մտահոգ ուժերի մակարդակով թերեւս պետք է պատրաստվի այդպիսի օրակարգի շրջանակում առարկայական աշխատանքի: Միեւնույն ժամանակ, տնտեսական դիվանագիտության մեծ փորձառությամբ թեկնածուի առաջադրումը անկասկած նաեւ արտացոլում է ԱՄՆ ռեգիոնալ դիտարկումների որոշակի շրջանակի եւ առաջնահերթությունների մասին, ինչը եւս պետք է հաշվի առնել նոր դեսպանի, եւ թերեւս ԱՄՆ քաղաքականության նոր շեշտադրումների հետ Հայաստանի արդյունավետ աշխատանքի պատրաստ լինելու տեսանկյունից: