Գյուղացին՝ փաստի առաջ. ծիրանի իրացման խնդիր կա

Գյուղացիները ահազանգում են ծիրանի բերքի իրացման խոչընդոտների մասին։ Պատճառը Վերին Լարսի անցակետի խցանումներն են, ինչի հետևանքով ծիրանը, մնալով բեռնատարներում, փչանում է: Հիշեցնենք, որ Լարսում ստեղծված խնդրին օրերս անդրադարձավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հայտնելով, որ Լարսում գործող մաքսակետի մոտ ևս մեկը կտեղադրվի, արդյունքում հնարավոր կլինի օրական 170-200 մեքենա սպասարկել։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն էլ առաջարկել էր բեռները տեղափոխել լաստանավով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանի հետ: Գործարարի փոխանցմամբ՝ ծիրանի իրացման խնդիր կա․ Ունենք փաստի առաջ կանգնած գյուղացի․ «Գոնե 450 դրամով գյուղացին պետք է ծիրանը վաճառեր: Գյուղացին քանի որ առևտրի մեջ չկա, զավեշտալի խնդիրների առաջ էլ է հայտնվում:Փորձում ենք խնդիրները լուծել, որ ծիրանի գինը կատաստրոֆիկ աստիճանի չիջնի: Փորձում ենք ծիրանի գինը գոնե 300 դրամի վրա պահել»: Գործարարը կարծում է, որ մեր երկրին լոգիստիկ կենտրոններ են պետք, որ նման դալալները գյուղացուն չվնասեն: