Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը բնակարան ստացավ Երևանում

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը բնակարան ստացավ Երևանում

Հունահռոմեական ոճի 2021 թվականի Աշխարհի և 2022 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Շնորհակալություն եմ հայտնում Երևան քաղաքի ավագանուն այսօրվա կայացրած որոշման համար: Մարզիկի համար կարևոր է գնահատված լինելը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևանի ավագանու անդամ Արման Հարությունյանին այս նախաձեռնության համար և մեր ավագ ընկեր Գրիշա Թամրազյանին միշտ մեր կողքին լինելու համար: Իմ նպատակն անփոփոխ է, այն է՝ նվաճել Օլիմպիական ոսկի: Հավելենք, որ այսօր ավագանին ընդունել է Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու որոշման նախագիծը, որով նախատեսվում է Լենինգրադյան փողոցի համար 23/13 շենքի 92․3 ք. մ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել հունահռոմեական ոճի 2021 թվականի Աշխարհի և 2022 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին։ Նախագծի մշակման և ընդունման համար հիմք են հանդիսացել մարզիկի բարձր պրոֆեսիոնալիզմը և բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը։ Ամոյանը բնակվում է ծնողների, քրոջ և եղբոր հետ 67․7 ք. մ մակերեսով տանը։