Գործարքը կայացած է․ Ինչու և ինչպես «Ռոման» կորցրեց Մխիթարյանին

Գործարքը կայացած է․ Ինչու և ինչպես «Ռոման» կորցրեց Մխիթարյանին

«Ռոման» կորցրեց Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկին՝ Հենրիխ Մխիթարյանին։ Վերջինս կարիերան կշարունակի Միլան «Ինտերում»։ Այս տեղեկությունը հաստատել է միլանյան ակումբի գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան: «Կարող եմ հաստատել՝ մենք ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Գործարքները կայացած են»,- մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է Մարոտան: Մխիթարյանն առաջիկա օրերին կժամանի Միլան, բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի թիմի հետ, իսկ Օնանան արդեն Միլանում է, իսկ բուժզննումն անցել էր հունվարին: Մարոտան հաստատել է նաև, որ ակումբը բանակցություններ է վարում Լուկակուի և Դիբալայի ձեռքբերման վերաբերյալ: Ըստ իտալական լրատվամիջոցների մայիսի կեսերին «Ռոմայի» ղեկավարությունը դադարեցրել էր բանակցությունները Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Ավելի ստույգի Հռոմի թիմը հրաժարվել էր կատարել Մխիթարյանի պահանջները։ Իտալական մամուլը գրում էր, որ բանակցությունների ընդհատվելուց հետո Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին միանգամից 4 ակումբներ։ Մասնավորապես, բացի «Ինտերից» հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանում էին ձեռք բերել «Նապոլին», ինչպես նաև Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Աստոն Վիլլան» և Լոնդոնի «Տոտենհեմը»։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով «Ռոման» այս տարվա ապրիլին առաջարկ էր ներկայացրել հայ կիսապաշտպանին՝ պայմանագիրը ընդամենը մեկ մրցաշրջանով երկարաձգելու: Պայմանագրի երկարաձգման հիմքում սակայն ֆուտբոլիստի աշխատավարձի կրճատումն էր։ Արդեն իսկ ավարտված պայմանագրով Մխիթարյանի տարեկան աշխատավարձը 3․5 միլիոն եվրո էր։ Ապրիլին «Ռոման» առաջարկել էր Մխիթարյանին տարեկան ընդամենը 2 միլիոն եվրո։ Նման իրավիճակում «Ինտերի» առաջարկն անհամեմատ ավելի շահավետ էր, որից հրաժարվելը տրամաբանական չէր լինի։ Ավելին, Միլանի թիմը կարգով բարձր է «Ռոմայից» և գալիք մրցաշրջանում ելույթ է ունենալու Չեմպիոնների լիգայում։ Տևական դադարից հետո Մխիթարյանը ելույթ կունենա ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Իտալիայի ավարտված առաջնությունում «Ռոման» բավարարավել էր միայն 6-րդ հորիզոնականով և 2022/2023 թթ․ մրցաշրջանում կխաղա Եվրոպա լիգայում։ Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին իտալական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» և «Ինտերը» կպայքարեն Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար։ ԶԼՄ-ները գրել էի նաև նաև, որ Մխիթարյանը վաստակում է տարեկան 3․5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն ունի հնարավորություն ավելի շատ վաստակելու խաղալով Ա սերիայի թոփ ակումբներից մեկում։ Նշվում էր նաև, հայ կիսապաշտպանը դժգոհ է իտալական թիմում իր կարգավիճակից։ Մասնավորապես, գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին ավելի շատ օգտագործում էր պաշտպանական գործողություններում մինչդեռ հայ կիսապաշտպանը շատ ավելի արդյունավետ է առջևի գծում: Corriere dello Sport-ի տեղեկություններով Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու ցանկություն էին հայտնել ռուսական մի քանի ակումբներ։ Ամանորից հետո սակայն Մխիթարյանի և Մոուրինյոյի հարաբերությունները կարգավորվեցին։ Ավելին, վերջին ամիսներին պորտուգալացի մասնագետը «Ռոմայի» ղեկավարության հետ բանակցություններ էր վարել հայ ֆուտբոլիստին թիմում պահելու համար։ Նշենք, որ ձմռանը Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու համար «Ինտերը» պետք է կլորիկ գումար վճարեր «Ռոմային»։ Հիմա արդեն Միլանի թիմը Մխիթարյանի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով պայմանագիր կկնքի։ Ավելին, «Ինտերը» Մխիթարյանի տրանսֆերըտ ձեռք է բերել առանց ֆինանսական փոխհատուցման։ Ինչևէ, հունիսի սկզբին Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ Երևանում էր։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ հայ ֆուտբոլիստը Երևանից անմիջապես մեկնկել է Միլան, որտեղ պատրաստվում է բուժզննում անցել։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Մխիթարյանը հայտարարել էր Հայաստանի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին։