Եթե եվրոպացու աչքերով նայենք, Փաշինյանի ելույթն անտրաբանական էր. եթե խախտում է եղել, ինչու՞ եք շարունակում մնալ ՀԱՊԿ-ում

Եթե եվրոպացու աչքերով նայենք, Փաշինյանի ելույթն անտրաբանական էր. եթե խախտում է եղել, ինչու՞ եք շարունակում մնալ ՀԱՊԿ-ում

ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը կրկին քննադատել է ռազմական դաշինքին՝ Հայաստան ադրբեջանական զինուժի ներխուժմանը պատշաճ չարձագանքելու համար։ «Անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Բայց, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքեց այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը»,-հայտարարել է ՀՀ վարչաետը։ Կառույցում նախագահող Հայաստանի ղեկավարն այդ մասին խոսել է Կրեմլում ՀԱՊԿ անդամ մյուս երկրների, այդ թվում Ռուսաստանի նախագահի ներկայությամբ՝ հավելելով նաև, որ տարիներ շարունակ կազմակերպության անդամ երկրները Բաքվին զենք էին տրամադրում․«Մենք երկար ժամանակ մենք բարձրացնում էինք Հայաստանին ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի հարցը: Այդ զենքը օգտագործվել է Հայաստանի դեմ և հայ ժողովրդի դեմ: Դա նույնպես խնդիր է»: Փաշինյանը քննադատել է նաև ռազմական դաշինքի արձագանքը 44-օրյա պատերազմին, միաժամանակ, բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահի դերը Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցում։ Հայաստանի ղեկավարը նաև կարևորել է ՀԱՊԿ-ի հետագա զարգացումը՝ նշելով, թե կազմակերպությունը առանցքային գործոն է համարում Եվրասիական տարածաշրջանի և Հայաստանի համար կայունության և անվտանգության ապահովման հարցում։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Հայաստանում Ռուսաստանի վարկանիշն ընկնում է, 44 օրյա պատերազմի արդյունքում հանրային կարծիքն էապես փոխվել է․ «Հիմա Ուկրաինայում Ռուսաստանի համար անհաջող ռազմական գործողությունները ևս հարված են ռուսական կայսրության այդ կերպարին։ Հարկավոր էր ինչ-որ ձևով օգտագործել այդ հարթակը, որպեսզի հանրությանը մեսիջ ուղարկվեր, որ տեսեք՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարն այնքան կա, որ կարող է Վլադիմիր Պուտինի դիմաց կանգնած նրան քննադատող խոսքեր ասել։ Մինչդեռ ակնհայտ է, որ իշխանության վարկանիշի բարձրացման համար էր այս ամենը։ Ռուսաստանի Դաշնությունն էլ աջակցեց ու այդ հարթակը տրամադրեց նման հայտարարության համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Մեր զրուցակիցն ընդգծեց, եթե այդ հայտարարություններին նայենք եվրոպացու աչքերով, ապա այդ ելույթը չափազանց անտրամաբանական է․ «Եթե ՀԱՊԿ անդամ պետությունները մասնավորապես Ռուսաստանն ու Բելառուսը խախտել են ՀԱՊԿ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ, ապա Հայաստանն ինչու՞ է հավատարիմ մնում այդ պայմանագրին, ինչու է շարունակում կանգնել ագրեսոր պետության կողքին՝ ընդդեմ միջազգային հանրության ու քաղաքակիրթ աշխարհին։ Եթե այդ տեսակետից նայենք, ապա ելույթը անհասկանալի է թվում։ Եթե որևէ պայմանագիր խախտված է, ապա այն կողմը որի նկատմամբ դա խախտվել է, տրամաբանորեն չպետք է շարունակի մնալ այդ դաշինքում։ Բայց մարդիկ Հայաստանում այլ կերպ են նայում»։ Ըստ Ղուկասյանի՝ ՀԱՊԿ պայմանագրի առաջին հոդվածի համաձայն, անդամ պետություններն իրավունք չունեն ուժ գործադրել կամ ուժի գործադրման սպառնալիքով որևէ միջազգային հարցեր լուծեն այլ պետությունների հետ․ «Ակնհայտ է, որ այդ գլխավոր կանոնն այսօր Ռուսաստանի Դաշնությունը կոպտորեն խախտել է։ Եվ այդ ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքն, ըստ էության, այն մասին էր, որ չնայած նրան, որ պայմանագիրն ակնհայտորեն խախտված է, անդամ պետությունները շարունակում են այդ պայմանագրին հավատարիմ մնալ։ Այսինքն չեն համարում, որ Ռուսաստանն ագրեսոր է ու դրանով հակադրվում են ողջ քաղաքակիրթ աշխարհին։ Եվ մեծ հաշվով Ռուսաստանի համար կարևոր էր ցուց տալ, որ իր մի քանի դաշնակիցները սոլիդար են այն գործողությունների հետ, որը Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում կատարում է։ Բնականաբար դա երբեք չի կարող դիտարկվել արևմուտքի կողմից որպես դրական քայլ կամ քաղաքականություն։ Նման ելույթները, քաղաքական քայլերը ավելի ու ավելի են մեծացնում Հայաստանի ու արևմուտքի միջև քաղաքական անդունդը»։ Մեր զրուցակիցը չի կարծում, թե ռուսական կողմից հետևանքներ կլինեն, որովհետև ակնհայտ է, որ տեղի ունեցածը բեմադրություն էր հայ ժողովրդի համար, որ մի քիչ հայերի սիրտը «հովանա»․ «Պարզ է, որ Ռուսաստանը շատ դաժան վարվեց իր դաշնակից Հայաստանի հետ ու ըստ էության ամեն ինչ արեց, որ Ադրբեջանն անպատիժ իրականացնի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։ Մարդկանց համար պարզ է, որ առանց Ռուսաստանի Դաշնության «դաբրոյի» այդ պատերազմն առհասարակ տեղի չէր ունենա։ Բայց մի քիչ հայ ժողովրդի սիրտը հովացավ, որ Նիկոլ Փաշինյանը գնաց ու այդ բողոքի խոսքը հասցրեց «մեծն կայսրին»։Մի քանի շաբաթ այդ իրադարձությունը կներկայացվի հայ ժողովրդին։ Միգուցե այդ ամենը ծրագրողների համար այդ ամենը կնպաստի Ռուսաստանի նկատմամբ տրամադրությունների մեղմացմանը»,-եզրափակեց նա։