Հայ-իրանական գազային հարցով հրաշալի մեկնարկ է տրված

Տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը կարծում է, որ ներքաղաքական լարվածության պատճառով կարող են խաթարվել տնտեսական բազմաթիվ շղթաներ․ «այս անկայունությունը կարող է ազդել ինչպես ներդրումների, այնպես էլ սոցիալական մի շարք ոլորտների վրա»: Տնտեսագետի խոսքով՝ 2022-ի առաջին եռամսյակի ցուցանիշները հուսադրող են․«Տնտեսական զարգացման դրական ազդակներ կան, բայց այս անկայունությունը մտորելու տեղիք է տալիս: Անորոշություններն ու ռիսկերը շատ են․ ներքաղաքական հարցում լուծումներ չգտնելը բացասական կազդի տնտեսության վրա»: Անդրադառնալով Իրանի նավթի նախարար Ջավադ Օջինի այն հայտարարությանը, որ Թեհրանը պատրաստ է սվոփ տարբերակով թուրքմենական գազը տեղափոխել Հայաստան, տնտեսագետը նշեց․ «Գազի հարցով հրաշալի մեկնարկ է տրված․ ՀՀ կառավարությունը պետք է ամեն ինչ անի այն իրողություն դարձնելու համար»: